ԵՄ տեխնիկական գնահատման առաքելությունն այցելել է Վարդենիսի սահմանամերձ բնակավայրեր

Հոկտեմբերի 18-ին ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակությունն այցելել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած Վարդենիսի Տրետուք և Կուտական բնակավայրերի սահմանամերձ գոտիներ, հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Պատվիրակությանը ուղեկցել են զինված ուժերի երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը, Գեղարքունիքի մարզպետը և Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը։

Ըստ մարզպետի՝ ներկայացվել է Ճամբարակ և Վարդենիս խոշորացված համայնքներում տուժած 12 բնակավայրի մասին տեղեկատվություն։ Առավել շատ վնասներ են կրել Սոթք և Կութ բնակավայրերը․ 148 շենք-շինություն վնասվել է Սոթքում, 12 տուն՝ Կութում։

«ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատարը ԵՄ պատվիրակության անդամներին տեղում ներկայացրեց զեկույց 2021 թվականի մայիսի 12-ին և 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինուժի կողմից Հայաստանի դեմ ձեռնարկված ագրեսիայի հետևանքները։ ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության պատվիրակության անդամները վստահեցիրն, որ կիրականացնեն խորը ուսումնասիրություններ և պարբերաբար կներկայացնեն զեկույցներ»,- տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետը։

Եվրամիության Խորհուրդը հոկտեմբերի 17-ին որոշում է կայացրել քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով դիտորդական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Որոշումը կայացվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպման արդյունքում։

Պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ այն բաղկացած է լինելու առավելագույնը 40 դիտորդ-փորձագետներից, որոնք կդիտարկեն, կվերլուծեն և կզեկուցեն տարածաշրջանի իրավիճակի մասին։