Կառավարությունը մտադիր է 200  ավտոմեքենա գնել ու թարմացնել պետական ավտոպարկը 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս տարվա հուլիսին հանձնարարել է Հայաստանի պետական մարմինների ավտոտնտեսությունը թարմացնելու նպատակով ձեռք բերել 200 նոր ավտոմեքենա։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության հոկտեմբերի 20-ի նիստի օրակարգի հարցերի հիմնավորումներից մեկից, որով նախատեսվում է գնման գործընթացի առանձնահատկությունները սահմանել։

Աջակցեք մեզ

Դրանք լինելու են էկոնոմ դասի ներքին այրման շարժիչով մեքենաներ և էլեկտրամոբիլներ։ Ի կատարումն այդ հանձնարարականի՝ տարածքային կառավարման և ենակառուցվածքների նախարարությունը Պետական գույքի կառավարման կոմիտեի ու Պետական վերահսկողական ծառայության հետ մշակել է ձեռք բերվելիք մեքենաների տեխնիկական բնութագրերը՝ առայժմ 12 մեքենաների համար։ Ձեռքբերումն իրականացվելու է Հայաստան ավտոմեքենաներ ներմուծող խոշոր ընկերությունների միջոցով, գնման գործընթացին նախորդելու է նախաորակավորման փուլ։ Ավտոմեքենաների տեխնիկական բնութագրերն արդեն պատրաստ են։

Որոշման հիմնավորումներում նաև նշված է, որ ՀՀ սեփականությունը հանդիսացող չշահագործվող շուրջ 600 տրանսպորտային միջոց հետ է վերցվել համապատասխան մարմիններից և ամրացվել Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ օտարման նպատակով։

«Նախատեսվում է տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացում նախապատվությունը տալ էլեկտրամոբիլներին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց ձեռքբերման արդյունքում կկրճատվեն տրանսպորտային միջոցների պահպանման ծախսերը (վառելիք, երաշխիքային սպասարկում և այլ ծախսեր) և կմեղմացվի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ ի հաշիվ վերականգնվող բնական ռեսուրսների օգտագործման։ Ավելին՝ նոր տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացը կապահովի ՀՀ պետական կառավարման մարմիններին սպասարկող մեքենաների թվաքանակի զգալի կրճատում»,- նշված է որոշման հիմնավորումներում։

Մեկնաբանել