Հայաստանը 37 մլն դրամի մարդասիրական օգնություն կտրամադրի Իրանին

Կառավարության այսօր կայացած նիստում որոշում է ընդունվել օգոստոսի 11-ին Իրանում տեղի ունեցած երկրաշարժից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու մասին` այդ նպատակով տրամադրելով մոտ 37 մլն դրամ ընդհանուր արժեքով գույք` վրաններ, ներքնակներ, քնապարկեր, բացովի մահճակալներ, ինչպես նաև խմելու ջուր և պահածոյացված մթերք, հաղորդում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Մենք մեր իրանցի գործընկերների հետ քննարկել ենք առաջին անհրաժեշտության պարագաները, որոնց կարիքն ունեն մեր գործընկերները, և առաջիկա երկու օրերի ընթացքում կհստակեցնենք ցուցակը։ Նաև երկու օրվա ընթացքում կկազմակերպենք, որպեսզի այդ ապրանքները տեղափոխվեն Իրան»,- այս առնչությամբ նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Մեկնաբանել