ԵՄ-ն Հայաստանին 23 միլիոն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի

Հայաստանը «ԵՄ դիմակայունությունը Հայաստանի համար» ֆինանսական համաձայնագրի շրջանակում 23 միլիոն եվրոյի ծավալով դրամաշնորհ կստանա Եվրամիությունից, որը կուղղվի ներառական սոցիալ-տնտեսական վերականգնմանն ու զարգացմանը։ Համաձայնագիրը հաստատվեց կառավարության հոկտեմբերի 20-ի նիստում։

«Համաձայնագրի առաջին բաղադրիչում աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում ՓՄՁ-ների ստեղծմանը, զարգացմանն ու գործող բիզնեսների վերականգնմանը։ Այս բաղադրիչի ներքո շուրջ 1 500 միկրո ձեռնարկություններ ու անհատ ձեռնարկատերեր կստանան դրամաշնորհներ արտադրողականության ու ԵՄ շուկա արտահանումների խթանման նպատակով»,- ներկայացրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ շեշտելով, որ ծրագրի շրջանակում գումարներ կներդրվեն նաև գյուղատնտեսական ենթակառուցվածքների զարգացման համար։

ԵՄ-ի կողմից կհամաֆինանսավորվի Գյումրիում «Թումո» ստեղծարար կենտրոնի կողմից խոհարարության ու հյուրընկալության կառավարման դպրոցի ու ձեռնարկատիրական դպրոցի հիմնադրման նախաձեռնությունը։ Դրամաշնորհից ֆինանսական աջակցություն կտրամադրվի նաև միասնական սոցիալական գրասենյակների տեխնիկական հագեցվածության նպատակով, ինչպես նաև թիրախային աջակցություն կտրամադրվի Արցախից տեղահանված անձանց։