Առաջիկայում ՀԱՊԿ խորհուրդը քննարկի Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը․ Զախարովա

Առաջիկայում կքննարկվի Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցների մասին ՀԱՊԿ խորհրդի որոշման նախագիծը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այժմ մշակվում է մոտ ժամանակներում ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու հարցը։ Ենթադրվում է, որ ՀԱՊԿ անդամ երկների ղեկավարները տեսաժողովում կքննարկեն Հայաստանում ՀԱՊԿ առաքելության աշխատանքների արդյունքները։ Եվ պետք է քննարկվի Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցների մասին ՀԱՊԿ խորհրդի որոշման նախագիծը»,- ասաց է նա։

ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչը նշեց, որ նիստի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն կհաղորդի ՀԱՊԿ քարտուղարությունը։

Ճշտող հարցին, թե ինչ օգնության մասին է խոսքը, Զախարովան պատասխանեց․ «Նրանք (ՀԱՊԿ անդամ երկրները – խմբ․) պետք է որոշեն և համաձայնեցնեն այդ հարցը։ Դա հավաքական անվտանգության մասին պայմանագիր է և որոշումները կայացվում են հավաքական ձևով»։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը 207 է։

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։

Սեպտեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել էր Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքի մասին տեղեկատվություն:

Հոկտեմբերի 19-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ դիտորդների վերաբերյալ հարցին, հայտարարել էր, որ «քննարկումներ կան, որոշում չկա»։

«Մենք դիմել ենք կազմակերպությանը և որոշում է կայացվել նախնական փաստահավաք առաքելություն ուղարկել։ Եկել են այդ պաշտոնյաները և իրենց արձանագրումների հիման վրա զեկույց են պատրաստել։ Զեկույցը ներկայացված է բոլոր անդամ պետություններին, քարտուղարությունը նաև զեկույցի հիման վրա այժմ որոշման նախագիծ է շրջանառել»,- ասել էր Միրզոյանը։