Բաքվի ու Երևանի ընկալումները Ռուսաստանի դերի վերաբերյալ տարբերվում են

Հոկտեմբերի 13-14-ին Աստանայում տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների նիստը: Մինչ այդ Ղազախստանի մայրաքաղաքում տեղի էր ունեցել նաև ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Այս միջոցառումների ընթացքում մի շարք կարևոր հանդիպումներ են տեղի ունեցել և հետաքրքրական ելույթներ են հնչել:

Հոկտեմբերի 13-ին տեղի էր ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Հանդիպման հրապարակային մասը անսպասելիորեն բավականին լարված մթնոլորտում է անցել: Միրզոյանն ուղիղ տեքստով Լավրովին է ներկայացրել Ռուսաստանի նկատմամբ բոլոր դժգոհություններն ու հիասթափությունը, որոնք այս փուլում առկա են Հայաստանում։ Միրզոյանը, մասնավորապես, նշել է.

«Եվ մենք` Հայաստանը, ինչպես դուք նշեցիք` Ռուսաստանի Դաշնության դաշնակիցն ու ռազմավարական գործընկերը, ակնկալում ենք Ռուսաստանի հստակ դիրքորոշումը: Ուզում եմ հիշեցնել` այս հարցը քննարկվել Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նստաշրջանում, և այնտեղ որոշ երկրներ, որոնց հետ ՀՀ-ն չունի բարեկամության և ռազմավարական գործընկերության այսպիսի երկարատև պատմություն, հանդես են եկել հայտարարություններով, որոնք ավելի օբյեկտիվ ու հստակ են արտացոլում իրավիճակը, որը ստեղծվել է հայ-ադրբեջանական սահմանին»:

Միրզոյանի խոսքը Լավրովի հետ հանդիպման ընթացքում կարելի է դիվանագիտական փոքր դեմարշ համարել: Սա առաջին հերթին Հայաստանի իշխող շրջանակներում տիրող մթնոլորտի ու տրամադրությունների կարևոր ցուցիչ էր: Լավրովի արձագանքը Հայաստանի արտգործնախարարի խոսքին ևս ջղագրգիռ էր: Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, որ կա առաջարկություն հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու մասին, և եթե Հայաստանը` որպես ՀԱՊԿ-ում նախագահող երկիր, ազատ ժամանակ գտնի և կազմակերպության կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստ հրավիրի, այդ որոշումը կկայացվի:

Հոկտեմբերի 14-ին ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների նիստին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ավելի հավասարակշռված էր, սակայն այն ևս պարունակում էր ակնարկներ ՀԱՊԿ անգործության վերաբերյալ: Նույն նիստին ելույթով հանդես եկավ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ելույթի ընթացքում Ալիևի կողմից արված հայտարարությունները Ռուսաստանի վերաբերյալ բավականին հետաքրքրական են և հստակորեն ցույց են տալիս Բաքվի և Երևանի միջև ընկալումների տարբերությունը Հարավային Կովկասում Մոսկվայի դերի մասին:

Ադրբեջանի նախագահը նախ հայտարարեց, որ ի հեճուկս տարբեր պնդումների, սեպտեմբերյան էսկալացիան դադարեցվել է Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ: Այս հայտարարությամբ նա բնականաբար փորձել է թիրախավորել Հայաստանի իշխանություններին, որոնք վերջին մեկ ամսվա ընթացքում մի քանի անգամ շեշտել էին ԱՄՆ կարևոր դերակատարությունը հրադադարի կնքման հարցում:

Ալիևը Աստանայի իր ելույթում նշել է նաև, որ Ադրբեջանը դեմ է հանդես եկել ԵՄ միջնորդական առաքելության տեղակայմանը Ադրբեջանի տարածքում: Նա շեշտել է, որ այդ առաքելությունը տեղակայվելու է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում` ևս մեկ անգամ փորձելով հարվածի տակ դնել Երևանին:

Ալիևը Պուտինի ներկայությամբ նաև կոշտ քննադատության ենթարկեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով դրանից օրեր առաջ հայտարարել էր, որ Ռուսաստանը Ադրբեջանի խաղն է խաղացել: Ալիևը Ռուսաստանի վերաբերյալ Մակրոնի հայտարարությունը որակել է որպես կանխակալ ու քաղաքականապես ոչ կոռեկտ, իսկ օգտագործված բառապաշարը` փողոցային: Նա նաև հայտարարել է, որ Ֆրանսիան այլևս հայ-ադրբեջանական բանակցություններում միջնորդական դերակատարություն չպիտի ունենա:

Հայաստանյան պաշտոնյաների ու Ալիևի այս հայտարարությունները ցույց են տալիս Ռուսաստանի հանդեպ Բաքվի ու Երևանի վարած քաղաքականության տարբերությունը: Ադրբեջանը շատ ավելի փոքր քաղաքական կախվածություն ունի Ռուսաստանից, քան Հայաստանը և Ռուսաստանի հետ հարաբերություններում շատ ավելի անկախ քաղաքականություն է վարում: Այնուամենայնիվ, Ադրբեջանում կա հստակ ընկալում, որ Ռուսաստանը` իր բոլոր խնդիրներով հանդերձ, շարունակում է մնալ գլխավոր դերակատարը Հարավային Կովկասում: Այս ընկալումը Ադրբեջանի իշխանությունների մոտ վերջնականապես ձևավորվել էր 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի արդյունքում:

Ադրբեջանական այս ընկալման մեջ ֆունդամենտալ փոփոխություններ տեղի չեն ունեցել նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո, որի արդյունքում Ռուսաստանի կարողությունները զգալիորեն նվազել են մեր տարածաշրջանում: Ադրբեջանը, իհարկե, պարբերաբար փորձում է շոշափել Մոսկվայի կարմիր գծերը Հարավային Կովկասում, այլ ուղղություններով երբեմն նույնիսկ ակնհայտ հակառուսական քայլեր է ձեռնարկում, սակայն հայտարարությունների մակարդակում շարունակում է չափազանց զգուշավոր վերաբերմունք ցուցաբերել Ռուսաստանի նկատմամբ: Բաքվում համոզված են, որ նույնիսկ թուլացած Ռուսաստանն ավելի ուժեղ է, քան Ադրբեջանը և իրենց գործողություններում հաշվի են առնում այդ հանգամանքը:

Հայաստանի իշխանությունների մոտ նմանատիպ ընկալում գոյություն չունի: Բացի այդ, ինչպես արդեն նշվեց, Երևանում լուրջ դժգոհություն կա Ռուսաստանի վերջին շրջանի գործողությունների ու անգործության նկատմամբ: Միրզոյանի պոռթկումը Լավրովի հետ հանդիպման ընթացքում այդ հանգամանքների արդյունքն է: Հայաստանի արտգործնախարարը, իհարկե, լեգիտիմ հարցադրումներ է հնչեցրել ռուսաստանցի իր գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում, այնուամենայնիվ, այս պարագայում գլխավոր հարցը այն է, թե ինչքանով էին այդ հարցադրումներն ու հայտարարությունները հաշվարկված: Փորձը ցույց է տալիս, որ այսպիսի հայտարարությունները հաճախ, մեղմ ասած, չեն արտացոլում Ռուսաստանի հետ Հայաստանի փոխհարաբերությունների դինամիկան: Վերջին շրջանում Երևանը նմանատիպ հայատարարություններից հետո սովորաբար իրականացնում է գործողություններ, որոնք ամբողջությամբ բխում են Մոսկվայի շահերից ու պատկերացումներից:

Մեկնաբանել