Իրանցի պաշտոնյան Հայաստանը չի հիշատակել դրոններով հետաքրքրված 22 երկրների համատեքստում

Անի Գրիգորյան, Գեորգի Միրզաբեկյան, #CivilNetCheck

Համացանցի հայկական տիրույթում և լրատվամիջոցներում հոկտեմբերի 20-ին տեղեկություն տարածվեց, թե Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր ռազմական օգնական, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Յահիա Ռահիմ Սաֆավին իբր հայտարարել է, որ Հայաստանը մի շարք երկրների շարքում իրանական անօդաչու սարքեր ձեռք բերելու մտադրություն է հայտնել։

Ըստ հրապարակումների՝ Յահիա Ռահիմ Սաֆավին հայտարարել է, որ 22 երկիր պաշտոնական հայտ է ներկայացրել իրանական արտադրության ռազմական անօդաչու թռչող սարքեր գնելու համար։

«Այժմ իրանական անօդաչու թռչող սարքերի գնման թեկնածու երկրներն են Հայաստանը, Տաջիկստանը, Սերբիան, Ալժիրը, Վենեսուելան և այլ երկրներ», – ըստ լրատվականների՝ ասել է Սաֆավին։

Տեղեկատվություն՝ առանց հղումների

Հայկական մի շարք լրատվամիջոցներ՝ aysor.am, auroranews.am, iravaban.net, և այլն հայտնել էին լուրը՝ չնշելով որևէ աղբյուր կամ հղում, թե որտեղից են վերցրել Սաֆավիի այս խոսքը։

Որոշ լրատվականներ էլ՝ panarmenian.net, yerkir.am, aravot.am և այլն, որպես տեղեկության աղբյուր նշել են Middle east monitor-ը։ Վերջինս Բրիտանիայում տեղակայված անկախ լրատվամիջոց է, որն լուսաբանում է մերձավորարևելյան իրադարձությունները։

Middle east monitor-ի՝ հոկտեմբերի 19-ին հրապարակած հոդվածում նշել է, որ Սաֆավին այս հայտարարությունն արել է մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 18-ին։

Սաֆավին երկրների անուն չի հայտնել

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, իրանագետների և պարսկերենի մասնագետների օգնությամբ փորձեց պարզել, թե որտեղ և երբ է Սաֆավին արել այս հայտարարությունը։

Ուսումնասիրված բոլոր պարսկալեզու և օտարալեզու այլ աղբյուրներում նշվում է, որ Սաֆավին հայտնել է իրանական անօդաչու սարքերի գնման մասով 22 երկրի հետաքրքվածության մասին, սակայն որևէ երկրի անուն Սաֆավին չի հիշատակել։ Որևէ աղբյուրում չհաջողվեց գտնել Սաֆավիի խոսքը, որում վերջինս կթվարկի երկրների անուններ։

Մեկնաբանել