Արցախի ապագան առանց Ռուսաստանի Դաշնության չեմ պատկերացնում․ Արայիկ Հարությունյան

Մենք այսօր պահպանել ենք դե ֆակտո անկախությունը և պետք է շարունակենք ապրել անկախ երկրի կարգավիճակով, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը քննարկման ենթակա չէ»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով իր գլխավորած պատվիրակության՝ Երևանում Հայաստանի ղեկավարության հետ անցկացրած հանդիպումների մասին հարցին։

«Արցախի Հանրապետությունը, Արցախը Ադրբեջանի կազմում լինելու գաղափարը մոռացված գաղափար է։ Մենք երբևէ դրա մասին չենք էլ մտածում։ Դե ֆակտո մեր անկախությունը շարունակվում է»,- ասել է նա՝ նշելով, որ հետվերադարձ և «Արցախը որևէ այլ կարգավիճակով» անհնար է պատկերացնել։ «Դե ֆակտո մեր անկախությունը չի քննարկվում։ Իհարկե, պատկերացնում եմ, որ դե յուրե ճանաչվելու առումով շատ ժամանակ ունենք քայլելու, տարիներ, տասնամյակներ և պայքարը պետք է շարունակել»,- ասել է Արցախի նախագահը։

«Մեր դե ֆակտո անկախությունը եղել է, կա և կմնա։ Դրանում կարող եք չկասկածել»,- ասել է Արցախի նախագահը։

Անդրադառնալով Պրահայում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների՝ փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հայտարարությանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության հնարավոր պայմանագրին՝ Հարությունյանն ասել է․ «Որևէ պայմանագիր չի կարող կանխորոշել Արցախի ապագան»։

Անդրադառնալով ռուս խաղաղապահների առաքելությանը Արցախում՝ Հարությունյանը նշել է, որ բարձր է գնահատում նրանց գործունեությունը և Ռուսաստանի դերը․ «Ընդհանուր առմամբ, Արցախի ապագան առանց Ռուսաստանի Դաշնության՝ խաղաղապահ զորակազմ, թե այլ առաքելություն, ես չեմ պատկերացնում»։

«Իրականում հասարակության ամենաշատ մտահոգող հարցերից մեկը նա՝ ով ինչպես է իր ապագան պատկերացնում՝ Արցախո՞ւմ, թե՞ Արցախից դուրս,- հարցադրում է արել Հարությունյանը և պատասխանել։- Իմ ընտանիքը գտնվում է Արցախում, իմ բարեկակաման շրջանակը գտնվում է Արցախում, իմ երեխաները հաճախում են Արցախի կրթական համալիրներ, և որևէ այլ մտադրություն չունենք։ Շարունակելու եմ ապրել Արցախու՝, իմ ընտանիքով, և Արցախի պայքարի հաջողություն արձանագրելու ենք, երբ որ այդպես մտածենք: Ես նշեցի՝ պայքարելու ենք ապրելով: Եթե մենք չապրենք այս երկրում, պայքարը անիմաստ է լինելու, անիմաստ է դառնալու»։

Անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսության թեմային՝ Հարությունյանն ասել է․ «Այս թեման ամենաքննարկվածներից մեկն էր։ Ընդ որում, վերջին ամիսներին տարբեր առիթներով, տարբեր ձևաչափերով հանրությանը ներկայացվեց, որ նման երկխոսության փորձեր եղել են, ասենք՝ տնտեսական, սոցիալական ինչ-որ խնդրի կարգավորման ընթացքում: Վերջին շրջանի նորույթն այն էր, որ հավանական է համարվում, որ կքննարկվեն քաղաքական թեմաներ, կլինի միջազգային մեխանիզմ այդ երկխոսության և այլն, և այլն, ընդհուպ մինչև հակամարտության կարգավորումը ևս կարող է քննարկվել այդ ձևաչափով: Եվ նման հայտարարություններ, վերջին շրջանում, նաև հնչում են Երևանից, պաշտոնական մակարդակով»:

«Մենք նոյեմբերի 9-ից հետո ունենք շփումներ և այդ շփումների արդյունքում շատ կարևոր հարցեր ենք լուծել. առաջին հերթին այդ ծանր ժամանակահատվածում մեր անհայտ կորածների առումով: Դա ամենակարևոր արդյունքն է, որ մենք արձանագրել ենք: Դրանից հետո ենթակառուցվածքային հարցերը: Մենք պետք է գիտակցենք, թե մենք ինչ պրոբլեմներ ունենք կապված հոսանքի մատակարարման, գազի մատակարարումը բոլորին պարզ է, կապի մատակարարման առումով: Այդ բոլոր ենթակառուցվածքների կանոնավոր, անխափան աշխատանքի, նոր միջանցքի ճանապարհի հետ կապված: Բոլոր հանդիպումներում կամ այդ համագործությունը տեղի է ունենում, առանց խաղապահների քայլ չի կատարվում, նրանց ներկայությունը միշտ պարտադիր է լինում: Եվ շփումները առանց խաղաղապահների տեղի չի ունեցել և տեղի չի ունենալու: Ի դեպ, այստեղ ուզում եմ նշել, որ մեր տեսակետը այդպիսինն է»,- ասել է նա:

«Ինչ վերաբերում է [Ադրբեջանի հետ] քաղաքական բանակցություններին կամ հանդիպումներին, այտեղ մենք պիտի որոշում կայացնենք, ի դեպ, այդ նույն քաղաքական ուժերի հետ. արյդոք ընդունո՞ւմ ենք մենք այդ առաջարկությունները, ի՞նչ լիազորություններ են ունենալու այդ բանակցողները կամ մասնակիցները։ Այդ հարցում որևէ հստակություն չունենք: Պետք է մենք գնահատենք՝ ինչ է տալու մեզ: Եթե մենք դրանով շարունակելու ենք պահպանել մեր դե ֆակտո անկախությունը, կայունությունը, խաղաղությունը, այդ հանդիպումներին մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցեր քննարկել ու լուծել, իհարկե, մենք պարտավոր ենք՝ չզիջելով մեր ինքնորոշման իարվունքը և կասկածի տակ չդնելով մեր անկախության ճանապարհը»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Նա նաև անդրադարձել է Արցախի Պաշտպանության բանակի շուրջ պտտվող լուրերին՝ ասելով, որ այն շարունակելու է իր՝ Արցախի պաշտպանության գործառույթը։ Հարությունյանը նշել է, որ 2020-ի պատերազմից հետո ՀՀ զինված ուժեր Արցախում չկան։

Մեկնաբանել