Իրանը կձեռնարկի բոլոր քայլերը՝ դիմակայելու տարածաշրջանում սահմանների փոփոխությանը. Իրանի ԱԳ նախարար

Իրանի համար անընդունելի են տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունները, Իրանը կձեռնարկի բոլոր քայլերը՝ դիմակայելու անգամ նման մտադրությանը: Այս մասին Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

«Մենք ունենք համատեղ շահեր, կարծիքներ, նաև մտահոգություններ Հարավային Կովկասում: Իրանական կողմն ամբողջությամբ դեմ է, որ տարածաշրջանում՝ թե Հայաստանի, թե Ադրբեջանի տարածքում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ: Մեզ համար շատ կարևոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը տարածաշրջանում: Իրանական կողմը տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունները բոլորովին չի ընդունելու, դա մեր կարմիր գիծն է: Եվ մենք կձեռնարկենք բոլոր քայլերը` դիմակայելու յուրաքանչյուր նման մտադրությանն անգամ»,- ասել է Աբդոլլահիանը։

Իրանի ԱԳ նախարարը հայտնել է նաև, որ Միրզոյանի հետ բավականին երկար խոսել են «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի մասին:

«Մեր օրակարգի կարևոր թեմաներից է այս միջանցքը: Եվ հաշվի առնելով Հնդկաստանի դերը, որ կարող է ունենալ այս միջանցքի մեջ՝ համակարծիք ենք եղել ձևավորել եռակողմ պլատֆորմ՝ Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև, որպեսզի կարողանանք իրականացնել այս ճանապարհի հետ կապված մեր նպատակները, ավելի լավ ազդեցություն կարողանանք ունենալ այս կարևոր միջանցքի կառուցման աշխատանքում»,- նշել նա:

Մեկնաբանել