Թբիլիսիի քաղաքապետը հակադարձում է քննադատներին՝ 13-ամյա երեխայի մահից հետո

Շոթա Կինչա, OC Media

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին մեղադրում են Վակեի զբոսայգում 13-ամյա աղջկա մահվանից հետո պատասխանատվությունից խուսափելու և միջադեպից փրկվածների հետ լուսանկարվելու առիթ փնտրելու մեջ։ Կալաձեն պնդում է, որ այդ մեղադրանքներն անհիմն են և ունեն քաղաքական դրդապատճառներ։

Հոկտեմբերի 20-ին կառավարության նիստին Թբիլիսիի քաղաքապետը հակադարձել է իր քննադատներին «կազմակերպված արշավի» համար։ Վերջիններս քննադատել էին նրան՝ երեխայի մահից հետո PR հնարքների դիմելու մեջ։ Հոկտեմբերի 13-ին Թբիլիսիի Վակե զբոսայգու նոր վերանորոգված շատրվան մտնելուց հետո էլեկտրահարման հետևանքով մահացել էր 13-ամյա աղջիկ, վիրավորվել երկու երեխա։

Տե՛ս՝ Թբիլիսիում պահանջում են քաղաքապետի հրաժարականը նորաբաց այգում երեխայի մահից հետո

Կալաձեն, որը դեպքից մեկ օր առաջ պաշտոնապես բացել էր շատրվանը, պնդել է, որ հրաժարական կտա միայն այն դեպքում, եթե հետաքննությունն իրեն քրեական պատասխանատվության ենթարկի միջադեպի համար: «Օրենքը չի կարող որևէ մեկին չափազանց աջակցել կամ չափազանց խիստ լինել նրա նկատմամբ»,- ասել է Կալաձեն՝ դեպքի զոհ Մարիամ (Մարիտա) Մեպարիշվիլիի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելուց անմիջապես հետո։

Թբիլիսիի քաղաքապետը կրկնել է, որ ինքը «պատրաստ է կանգնել օրենքի առջև», եթե հետաքննող մարմինները նրան «նույնիսկ աննշան չափով մեղավոր» ճանաչեն, այնուհետև շարունակել է նախատել իր քննադատներին։

«Ողբերգության առաջին իսկ օրվանից մարդիկ հեռուստատեսությամբ լսում էին բացարձակապես ապշեցուցիչ հայտարարություններ կոնկրետ քաղաքական գործիչների կողմից», – ասել է Կալաձեն:

«Ցավալի է, որ քաղաքականության մեջ դեռ կան մարդիկ, որոնք փորձում են այս մասշտաբի ողբերգությունն օգտագործել իրենց քաղաքական նպատակների համար»։

Սակայն Մեպարիշվիլիի մահից հետո Կալաձեն մեղադրվում է նույն բանի համար:

Վրացական ֆուտբոլի նախկին աստղ և «Միլանի» նախկին պաշտպան Կախա Կալաձեն իշխող «Վրացական երազանք» կուսակցության երկարամյա ղեկավար անդամ է, 2013-ի վերջից՝ գլխավոր քարտուղարը։ 2021-ի հոկտեմբերին նա վերընտրվեց Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնում երկրորդ փուլի արդյունքում հավաքելով ձայների 56%-ը՝ հաղթելով «Միացյալ ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիային։

Վաշինգտոնում գործող Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) պատվերով մարտին անցկացված հարցման արդյունքում Կալաձեն գլխավորել էր վրացի ամենահայտնի քաղաքական գործիչների ցուցակը:

Հեղինակությանը հասցված վնասի մեղմում

Կալաձեն քննադատության էր ենթարկվել մի բանի համար, ինչն իր ընդդիմախոսներն անվանել են ագրեսիվ քայլեր՝ մեղմելու միջադեպի արդյունքում իր հեղինակությանը հասցված վնասը՝ իր հրաժարականի կոչերի ֆոնին: Հոկտեմբերի 17-ին՝ դեպքից չորս օր անց, հայտնվեցին նկարներ և լուրեր, թե ինչպես է քաղաքապետը հանդիպում Դևի Մեզուրնիշվիլիին՝ այգեպանին, որը, ենթադրաբար, շատրվանից փրկել է ողջ մնացած երկու անչափահասներին:

Կարճ ժամանակ անց անչափահասներից մեկին պատկանող ֆեյսբուքյան էջը հրապարակել է Կալաձեի՝ նրան տանը այցելելու նկարները: Ֆեյսբուքյան գրառման մեջ, որն ավելի ուշ հեռացվել է, կար երեխայի մի քանի նկար, որը վերջերս է դուրս գրվել հիվանդանոցից։ Առաջինում նա կրում էր Կալաձեի անունով ֆուտբոլային շապիկ, իսկ մյուսում քաղաքապետը նրան գնդակ էր նվիրում։

Քաղաքապետի քննադատները նկարները համարում են PR քարոզարշավի մաս՝ միջադեպի մասնակից մարդկանց օգտագործմամբ։

Միացյալ ազգային շարժում կուսակցության նախագահ Նիկա Մելիան ֆեյսբուքյան իր էջում դատապարտել է Կալաձեի գործողությունները։

«Դուք օգտագործում եք ձեր անցյալը և պատահաբար մահից փրկված երեխային՝ ձեր պատասխանատվությունից խուսափելու համար… Չկա ավելի անպարկեշտ բան, քան դուք՝ ձեր փքված փիարով, ձեր շապիկներով այս ու այն կողմ վազելով և լուսանկարվելով՝ մինչ ամբողջ քաղաքը սգում է… Կախա, երեխաները խաղում էին այգում, որտեղ նրանց հրավիրել էիր նախորդ օրը»,- ասել է նա։

Հոկտեմբերի 19-ին քաղաքապետարանի նիստում ունեցած ելույթում Կալաձեն միջադեպին ներգրավված անձանց հետ իր հանդիպումների արձագանքը որակել է որպես «կազմակերպված քարոզչություն»: Նա պնդել է, որ կատարում է իր պարտականությունը՝ «ոչ միայն որպես մայրաքաղաքի քաղաքապետ, այլ առաջին հերթին որպես մարդ, որպես տղամարդ, որպես երեք երեխաների հայր»։

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում», «Լելո», «Ստրատեգիա Աղմաշենեբելի» կուսակցությունները և «Գիրչի – ավելի շատ ազատություն», «Եվրոպական Վրաստան» և «Դրոա» արտախորհրդարանական խմբերը միջադեպից անմիջապես հետո պահանջել են Կալաձեի հրաժարականը:

«Մենք բոլորս հասկանում ենք, որ Կախա Կալաձեն… իրավական առումով չի կատարել այս հանցագործությունը։ Այնուամենայնիվ, կա քաղաքական պատասխանատվություն [դրա համար]»,- հոկտեմբերի 14-ին պնդել է «Եվրոպական Վրաստան»-ից Գիորգի Նոնիաշվիլին։

Հայտնի է, որ Կալաձեն ակտիվ օգտագործում է սոցիալական մեդիան իր իմիջը վերահսկելու համար, այդ թվում՝ իր ներգրավվածությամբ այլ սկանդալներից հետո։ Նրա քննադատները նշել են, որ նա մենակ չէ հանրային իրազեկման աշխատանքներում, քանի որ 2018-ից ի վեր Կալաձեին և նրա գրասենյակին սպասարկել է հանրային ֆինանսավորում ստացող Քաղաքացիների հետ կապի գործակալությունը։.

2020-ին «Squander Detector» տեղական դիտորդական խումբը հայտնել է, որ գործակալության գործունեության առաջին երկու տարիների ընթացքում քաղաքապետարանը հինգ անգամ ավելի շատ միջոցներ է հատկացրել նրանց ներքին PR գործակալությանը, քան մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգի պահպանմանը:

Անփութություն և կոռուպցիա

Հոկտեմբերի 19-ին Կախա Կալաձեն հրապարակավ հրամայեց իր գրասենյակին վերստուգել «Մշենէքսպերտ» ընկերության ստուգած շատրվանի՝ հանրային օգտագործման անվտանգությունը։ Ըստ հետաքննության՝ այդ ընկերությունը կեղծ փաստաթուղթ է թողարկել շատրվանի հանրային օգտագործման պատրաստ լինելու վերաբերյալ:

Մեկ օր առաջ ՆԳՆ-ն հայտնել էր դեպքի առնչությամբ ինը ձերբակալվածների մասին, այդ թվում՝ «Մշենէքսպերտի» տնօրենի և մեկ աշխատակցի։ Ձերբակալվել են նաև քաղաքապետի շրջակա միջավայրի պահպանության գործակալության ղեկավարի տեղակալը և այգու վերանորոգման համար պատասխանատու «Գրինսերվիս+» ընկերության տնօրեն Լաշա Փուրցխվանիձեն։

Լաշա Փուրցխվանիձեն Հին Թբիլիսիի շրջանի նախկին կառավարիչն է։ 2013-ին նրան մեղադրանք էր առաջադրվել՝ քաղաքային իշխանությունների կողմից ծառայությունների մատուցման մրցույթներում հաղթելու նպատակով ստեղծված «Գրինսերվիս+» ընկերության անուղղակի հիմնադրման համար, երբ նա ընտրող հանձնաժողովի անդամ էր։

Տուգանք վճարելու միջոցով ազատազրկումից խուսափելուց հետո Փուրցխվանիձեի նոր «Գրինսերվիս +» ընկերությունը դարձավ Թբիլիսիում պետական գնումների մրցույթների վստահելի հաղթող, շահելով այդ թվում Վակեի այգու վերանորոգման պայմանագիրը։

Քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Գիգա Գիգաշվիլին հոկտեմբերի 19-ին Կալաձեի ելույթից րոպեներ անց հայտարարեց իր հրաժարականի մասին՝ այն հիմնավորելով «բարոյական պատասխանատվությամբ»։

Թբիլիսիի շրջակա միջավայրի պահպանության վարչության պետի տեղակալին մահվան ելքի հանգեցրած անփութության մեջ մեղադրելուց բացի, ներքին գործերի նախարարության՝ հետաքննության սկզբնական բացահայտումների մասին զեկույցը մաքրազերծել է քաղաքապետարանին որևէ այլ սխալ քայլից:

Մեկնաբանել