Սոցապահովության ծառայության աշխատակազմի կառուցվածքը կօպտիմալացվի

Կառավարությունն այսօր կայացած հերթական նիստում իր նախկին որոշումներից երկուսում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով նախատեսվում է օպտիմալացնել սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի կառուցվածքը, ձևավորել երկու նոր ստորաբաժանում, հստակեցնել կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկելու, կենսաթոշակ վճարելը վերսկսելու և կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և մի շարք այլ գործընթացներ, հաղորդում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ակնկալվում է, որ որոշումների իրագործմամբ կմեծանա սոցիալական ապահովության պետական ծառայության առջև դրված խնդիրների իրականացման արդյունավետությունը։

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը` գործադիրը սահմանել է, որ Հաշվի օպերատոր կարող են դառնալ Հայաստանի տարածքում գտնվող բանկերը, ներդրումային ընկերությունները և ՀՀ փոստային կապի ազգային օպերատորը, որոնք բավարարում են նշված օրենքով, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև մասնակիցների ռեեստրը վարողի կանոններով սահմանված պահանջները։

Գործադիրը հաստատել է նաև փոխներարկումային բժշկական օգնության իրականացման կարգը, որի կիրառմամբ ակնկալվում է ապահովել այդպիսի օգնության որակը, ապահովել դրա անվտանգությունը։

Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից երկուսում` ՀՀ կառավարությունը հնարավորություն է ստեղծել, որպեսզի հանրային շենքերում ներդրվեն էներգախնայողության համակարգեր, ինչպես նաև ձեռնարկվեն ՀՀ գազաքիմիական ճյուղի վերակառուցման միջոցներ։

Մեկնաբանել