Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը. Իրանի արտգործնախարար

Հոկտեմբերի 21-ին Կապանում պաշտոնապես բացվեց Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հյուպատոսության բացման արարողությանը ներկա էին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Միրզոյանը վստահեցրեց, որ Հայաստանում խորապես ընկալում և բարձր են գնահատում երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի որոշումը:

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ վերահաստատել հայկական կողմի մտադրությունը՝ Թավրիզում գլխավոր հյուպատոսություն հիմնելու վերաբերյալ: Իրանը Հայաստանի համար մշտապես եղել է և կշարունակի լինել առանցքային գործընկեր: Մեր փոխգործակցությունը ներառում է բավականին ընդգրկուն քաղաքական օրակարգ, ինչպես նաև առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության, մշակույթի, գիտության, կրթության ոլորտներում ամուր կապեր, որոնք, լիահույս ենք, ավելի կխորանան և որակական ու գործնական նոր շունչ կստանան այսօր բացվող գլխավոր հյուպատոսության շնորհիվ»,- ասաց Միրզոյանը։

Իրանի արտգործնախարարը Կապանում գլխավոր հյուպատոսության բացմանն իր ելույթում հայտարարել է, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը։

«Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Իրանի կառավարության որոշումն այն կարևորության դրսևորումն է, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը տալիս են Իրանի և հայ ժողովրդի հազարամյա հարաբերություններին: Ես ուզում եմ Կապանի հարգարժան և հյուրընկալ քաղաքացիների ներկայությամբ հայտնել, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը: Մեր քաղաքականությունն է՝ հարգել տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված սահմանները»,-ասաց Իրանի ԱԳ նախարարը:

Աբդոլլահիանն ընդգծեց, որ Սյունիքի մարզը հանդիսանում է հյուսիս-հարավ միջանցքի կարևորագույն հատվածներից մեկը․ «Մենք Հայաստանը համարում ենք հյուսիս-հարավ մայրուղու վրա գտնվող կարևորագույն երկրներից մեկը: Եվ մենք մեր առավելագույն ջանքերը կգործադրենք, որ այս տարանցիկ ուղին, ինչպես նաև ապրանքափոխադրումները, ուղևորափոխադրումներն այս ուղով ավելի զարգանան»,- ասաց նա:

Մեկնաբանել