Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Իվանիշվիլիի հարազատների և «գործընկերների» նկատմամբ

բիձինա իվանիշվիլի Բիձինա Իվանիշվիլի, լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Շոթա Կինչա, OC Media

Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի չորս մերձավոր ազգականների նկատմամբ։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հարազատների և մի քանի վրացի գործարարների նկատմամբ հոկտեմբերի 19-ի իր հրամանագրով։

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կողմից պատժամիջոցների ցուցակում հայտնված 256 անձանց ցուցակում են Վրաստանի նախկին վարչապետի եղբայրը՝ Ալեքսանդր Իվանիշվիլին, Ալեքսանդրի կինը՝ Քեթևան Խարաիձեն, Բիձինա Իվանիշվիլիի զարմիկը՝ Ուչա Մամացաշվիլին և Մամացաշվիլիի որդին՝ Թաթե Մամացաշվիլին։

Պատժամիջոցների ցանկում են նաև ռուսաստանաբնակ վրացի գործարարներ Դավիթ Յակոբաշվիլին, Ալեքսանդր Ջափարիձեն և Գիորգի Ջափարիձեն։ Թաթե Մամացաշվիլին, Ալեքսանդր Ջափարիձեն և Գիորգի Ջափարիձեն Ռուսաստանի քաղաքացիներ են, իսկ Յակոբաշվիլին Ռուսաստանի և Շվեդիայի քաղաքացիություն ունի։

Լուրի հրապարակումից անմիջապես հետո Ուչա Մամացաշվիլիի փաստաբանը Ուչայի և նրա որդու նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու Ուկրաինայի որոշումը բնութագրել է որպես «քաղաքական շահարկումներ, որոնք զուրկ են որևէ փաստական կամ իրավական հիմքից»: Պատժամիջոցը ենթադրում է Ուկրաինայում ակտիվների սառեցում և ցուցակում ընդգրկվածների համար երկրում առևտրային գործարքների արգելք։ Ուկրաինայի իշխանությունները տեղեկություն չեն տրամադրել, թե ինչ պատժամիջոցների ենթարկված անձինք ինչ ունեցվածք ունեն Ուկրաինայում:

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի կողմից «հատուկ տնտեսական և այլ սահմանափակող միջոցները», որոնք կիրառվել են այդ անձանց նկատմամբ, Ուկրաինայի ԱԳՆ-ին հանձնարարում են հորդորել Եվրամիությանը, ԱՄՆ-ին և «այլ պետությունների»՝ նմանատիպ պատժամիջոցների կիրառել նրանց նկատմամբ։

«Ճիշտ այդպես, Վրաստանի դե ֆակտո կառավարիչը ութ ամիս ուներ՝ ընտրելու կողմերից մեկին։ Բիձինան բաց թողեց այդ պահը»,- Թվիթերում գրել է ուկրաինացի պատգամավոր Օլեքսիյ Գոնչարենկոն՝ ակնհայտորեն հղում անելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը սկսելու ժամանակահատվածին:

Ինչո՞ւ նրանք

Սեպտեմբերին Ուկրաինայի կառավարությանն առընթեր «Պատերազմ և պատժամիջոցներ» հակակոռուպցիոն տվյալների բազան Վրաստանի մի քանի քաղաքացիների ավելացրել է այն մարդկանց ցուցակում, որոնց «սպասվում են պատժամիջոցներ»՝ Ռուսաստանի հետ ենթադրյալ կապերի և Ուկրաինայի դեմ նրա ռազմական արշավի համար:

Չորեքշաբթի Ուկրաինան պատժամիջոցներ է կիրառել նրանցից միայն մի քանիսի նկատմամբ՝ խնայելով մյուսներին, այդ թվում՝ անձամբ Բիձինա Իվանիշվիլիին: Հրամանագիրը չի ներկայացնում նշված անձանցից որևէ մեկի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պատճառները, սակայն «Պատերազմ և պատժամիջոցներ»-ի բազայի տվյալները հուշում են, որ Իվանիշվիլին նրանց բոլորին կապող գործոնն է:

Տվյալների բազան հավաստում է, որ Ալեքսանդր Իվանիշվիլին՝ «…այսպես կոչված «Վրաստանի ոչ պաշտոնական տիրակալի» եղբայրը, լոբբինգ է իրականացրել Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի համար՝ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներից խուսափելու նպատակով, և գործարար կապեր ունի «ռուսական քաղաքական էլիտայի» հետ՝ իր կնոջ՝ Քեթևան Խարաիձեի միջոցով։

Բազայի տվյալները նաև վկայում են, որ Թաթե Մամացաշվիլին Geo Organics ընկերության հիմնադիրն է, որը, ըստ նրա, Ռուսաստանի կառավարության եկամտի զգալի աղբյուր է:

Թաթեի հայրը՝ Ուչա Մամացաշվիլին, կարճ ժամանակով եղել է «Վրացական երազանք»-ի քաղաքական խորհրդի անդամ։ Նա նաև սերտ գործարար կապեր ունի Իվանիշվիլիի հետ՝ լինելով պետական ներդրումային ընկերության՝ Գործընկերության հիմնադրամի փոխտնօրեն և Վրաստանի համաներդրումային հիմնադրամի բաժնետեր, որոնք երկուսն էլ կապված են Իվանիշվիլիի հետ:

Ռուսական բիզնես և պատժամիջոցի տակ հայտնված բեռներ

Նմանատիպ մեղադրանքներ են հնչել քաղաքացիական հասարակության խմբերի և վրացի ընդդիմադիր գործիչների կողմից: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ – Վրաստան»-ի դիտորդական խմբի ապրիլյան զեկույցում բացահայտվում էր, որ Ալեքսանդր Իվանիշվիլին, նրա կինը և Ուչա Մամացաշվիլին ու նրա որդին Geo Organics-ում ընդհանուր բիզնես շահեր ունեն Սանկտ Պետերբուրգի նախկին նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի և այլ ռուսների հետ։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլը» նաև կասկածի տակ է դրել Բիձինա Իվանիշվիլիի պնդումը, թե տարիներ շարունակ Ռուսաստանում բիզնես շահեր չի ունեցել։ Հակակոռուպցիոն կազմակերպությունը նշել է, որ 2012–2019-ին Իվանիշվիլին «շարունակել է սեփականատեր լինել ռուսական առնվազն տասը ընկերություններում օֆշորային կազմակերպությունների միջոցով… որոնք հետագայում ճյուղավորվել են դուստր ձեռնարկությունների էլ ավելի լայն ցանցի։

«Այսօրվա դրությամբ՝ Իվանիշվիլին ունի առնվազն մեկ ընկերություն Ռուսաստանում (Aqua-Space Ltd) իր օֆշորային ընկերություններից մեկի միջոցով»։ «Թրանսփարենսի»-ն ավելի վաղ հայտնել էր նաև Դավիթ Յակոբաշվիլիի կապերի մասին ինչպես Բիձինա Իվանիշվիլիի, այնպես էլ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար և ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաալիքի ներկայիս սեփականատեր Դավիթ Կեզերաշվիլիի հետ:

Հունիսին վրացական ընդդիմության առաջնորդ Էլենե Խոշտարիան Յակոբաշվիլիին մեղադրել էր ռուսական էներգետիկ հսկա «Ռոսնեֆտի» կողմից դեպի Բաթումի «պատժամիջոցների» տակ գտնվող բեռների տեղափոխման հետևում կանգնած լինելու մեջ: Վրաստանի իշխանությունները հաստատել են միջազգային «պատժամիջոցների» տակ գտնվող բեռներով նավի ժամանումը, սակայն պնդել են, որ այն անմիջապես ուղղորդել են դեպի վերջնական նպատակակետ՝ Թուրքիա:

Խոշտարիան, որն անմիջապես ողջունել Ուկրաինայի սահմանած պատժամիջոցները, այն ժամանակ հայտարարել էր, թե երթուղին նախապես համաձայնեցված էր Բիձինա Իվանիշվիլիի և միջազգային պատժամիջոցների տակ գտնվեղ ռուս գործարար Վլադիմիր Եվտուշենկովի միջև:

Ապրիլի վերջին YouTube-ում երկու հեռախոսազրույց հայտնվեց Բիձինա Իվանիշվիլիի և Եվտուշենկովի միջև։ Ձայնագրությունները հուշում էին, որ ռուս օլիգարխը երաշխիքներ է խնդրել Իվանիշվիլիից Վրաստանում չճշտված բիզնես գործարքների վերաբերյալ:

Երկարատև հակասություններ

Հոկտեմբերի 20-ին, չնայած անցյալ տարվա հունվարից հնչող պնդումներին, որ իրենց հիմնադիրն այլևս չի զբաղվում քաղաքականությամբ, «Վրացական երազանքի» առաջատար գործիչները շտապեցին դատապարտել Իվանիշվիլիի հարազատների նկատմամբ պատժամիջոցները և նրա դեմ «ճնշումը»:

«Նրանք այդպիսի հայտարարություններ են անում, քանի որ մենք երկրորդ ճակատ չենք բացել։ Դա առաջին քայլն է, իսկ հետո նրանք կարող են անցնել նաև ուրիշներին»,- հինգշաբթի հայտարարել է իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն։ Վերջին ամիսներին «Վրացական երազանք»-ը պնդում էր, որ ուկրաինացի պաշտոնյաները, արևմտյան որոշ կառավարություններ և տեղի «արմատական» ընդդիմությունը դավադրություն են կազմակերպում Վրաստանին Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ ներգրավելու համար:

Այս ենթադրյալ միջազգային դավադրության մաս էր «ճնշել» Իվանիշվիլիին՝ քաղաքականություն վերադառնալու համար: Հոկտեմբերի 20-ին Կոբախիձեն հայտարարել է, որ վերջին պատժամիջոցների հետևում կանգնած է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսիյ Դանիլովը: Մարտի վերջին Դանիլովը նշել էր, որ եթե Վրաստանը և Մոլդովան փորձեն «վերականգնել իրենց տարածքները»՝ նկատի ունենալով Աբխազիան, Հարավային Օսիան և Մերձդնեստրը, դա «շատ կօգնի Ուկրաինային»։

Թեև Ուկրաինայի և Վրաստանի կառավարությունների միջև հարաբերությունները կտրուկ վատացել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, փոխադարձ անբարյացակամ վերաբերմունքը արդեն տարիներ է տևում: Այն հիմնականում կապված է Վրաստանի նախկին պաշտոնյաների (որոնց մի մասը հետախուզվում է Վրաստանի օրենսդրությամբ) Ուկրաինայում պետական պաշտոններում նշանակվելու հետ:

Վրաստանում «պատերազմի երկրորդ ճակատի» մասին դավադրության տեսության արմատները կարելի է գտնել Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժման նախօրեին, երբ Վրաստանի իշխող կուսակցությունը քննադատության ենթարկվեց Ռուսաստանին «հանդարտեցնելու» ոճով խոսելու համար։

Չնայած Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի՝ ապրիլին Բուչա և Իրպին այցելություններին, հարաբերությունները շարունակում են լարված մնալ: «Վրացական երազանքի» առաջնորդները նաև դատապարտել են Զելենսկու խորհրդական Ալեքսեյ Արեստովիչին՝ Ռուսաստանից «վրացիներին փրկելու» մասին վերջին մեկնաբանությունների համար։

«Մենք այնտեղ (Վրաստանի վրա) ճնշում կգործադրենք։ Մենք ստիպված ենք լինելու փրկել վրացիներին, փրկել Մոլդովան, փրկել Հայաստանը և փրկել բոլորին։ Եվ դա լավ պատմություն է, քանի որ մեր կռված միլիոնավոր տղաներն ու աղջիկները մոտ ապագայում կարող են ներգրավված լինել հետխորհրդային տարածքում»,- հայտարարել էր Արեստովիչը՝ քննադատելով Վրաստանի «ռուսամետ» կառավարությանը։

Մեկնաբանել