Հադրութի շրջանի կորուստը՝ հարստությամբ, թվերով ու հադրութցիների ներկայի խնդիրներով

Մարգարիտա Քարամյան

Անցել է երկու տարի այն օրերից, երբ Արցախի Հադրութի, Շուշիի, Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններից մոտ 30-35 հազար բնակիչներ ստիպված լքեցին իրենց տները և ապաստանեցին Հայաստանի ու Արցախի գրեթե բոլոր մարզերում ու շրջաններում։

Թվեր

Ադրբեջանական օկուպացիայի հետևանքով Հադրութի շրջանից բռնի տեղահանվել է 13 500 բնակիչ, որոնք կորցրել են իրենց ունեցվածքն ու տները՝

-մոտ 4 000 անհատական սեփականություն հանդիսացող շինություն,

– անասուններին՝ մոտ 9 000 գլուխ խոշոր եղջերավոր, մոտ 12 000 գլուխ մանր եղջրավոր, մոտ 6 000 գլուխ խոզ,

– շարժական գույքը՝ մեքենաներ, տրակտորներ, կոմբայններ և այլն,

– բիզնեսները՝ մոտ 250,

– վարելահողերը՝ մոտ 30 000 հա, արոտավայրերը՝ 25-30 000 հա,

– հավաքած և արդեն ամբարած բերքը՝ 25 000 տոննա հացահատիկային կուլտուրաներ, նաև՝ բանջարեղեն, մրգեր,

– մեղվափեթակները՝ մոտ 2 000 տնակ,

– ջերմոցային տնտեսություններ՝ մոտ 4000 քմ։

Այսինքն՝ հադրութցիները կորցրել են այն ամենը, ինչը նրանց կյանքի և ապրուստի աղբյուրն էր։

Օկուպացված տարածքներում է մնացել 28 դպրոց, 6 մանկապարտեզ, 2 արվեստի դպրոց, 30 գյուղապետարան, 12 մշակութային օջախ, պետական հիմնարկների 28 շենք, 364 պատմամշակութային հուշարձան, այդ թվում՝ եկեղեցիներ, խաչքարեր, կոթողներ, հուշարձաններ և այլն։

Պատերազմի ժամանակ իրենց տներում, բակերում կամ գերության մեջ սպանվել է հադրութցի 23 խաղաղ բնակիչ, որոնք չեն հասցրել կամ չեն ցանկացել լքել իրենց տները։ Հադրութի շրջանից անհայտ կորած է 48 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։ Հադրութի շրջանից պատերազմի ընթացքում զոհվել է 140 հոգի, որոնցից 83-ը հուղարկավորված է Եռաբլուրում։

Երկու տարվա ընթացքում Հադրութի շրջանի բնակիչներից մոտ 4 000-ը վերադարձել է Արցախ, որտեղ ապաստանել են Ստեփանակերտում, Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի շրջաններում։ Քանի որ Հադրութի շրջանի բնակչության մեծ մասը ապրում էր գյուղական բնակավայրերում, այսինքն, սովոր էին գյուղական կյանքին, նրանք դժվար են հարմարվում և ինտեգրվում քաղաքներում, և ապաստան են գտել գյուղերում։ Նրանցից շատերը նորից ստեղծել են իրենց տնտեսությունները։

Հադրութի շրջանի բնակիչներից մոտ 6 000-ը հաստատվել է Հայաստանում, որոնցից մոտ 2 000-ը՝ Երևանում, մնացածը՝ մարզերում։

Եվս 2 500 – 3 000 մարդ լքել է Հայաստանը․ մի մասը ապաստանել է Ռուսատանում, մյուս մասը՝ տեղափոխվել ԱՄՆ կամ եվրոպական երկրներ։ Նրանց մասին ստույգ տվյալներ չկան։

Խնդիրներ, որոնց բախվում են հադրութցիները

Թվում է՝ պարզ է՝ ինչ խնդիրների առաջ կարող են կանգնել մարդիկ, որոնք կորցրել են բառիս բուն իմաստով ամեն ինչ և հայտնվել թեկուզև սեփական երկրում, իրենց ազգակիցների միջավայրում, բայց օտար քաղաքներում ու գյուղերում և անծանոթ մարդկանց շրջապատում։

Ամենաբարդ ու անլուծելի թվացող խնդիրը բնակարանն ու ապրուստի միջոցներն են։

Պատերազմից հետո ստեղծված «Հանուն Հադրութի», «Վերադարձ դեպի Դիզակ» և «Հադրութի դեօկուպացիա» հասարակական կազմակերպությունները արդեն երկու տարի է՝ դիմում են Հայաստանի կառավարությանը, Ազգային ժողովին, Հայաստանում գործող դեսպանատներին, բարեգործական կազմակերպություններին՝ փորձելով բարձրաձայնել բոլոր խնդիրները։ Ասել, որ պետական մակարդակով ոչինչ չի արվել ու չի արվում, ազնիվ չի լինի։

Սկզբնական շրջանում բոլոր տեղահանվածները ստացան ֆինանսական և մարդասիրական օգնություն, անվճար բժշկական աջակցություն, երեխաները հնարավորություն ստացան հաճախել տեղի դպրոցներ և այլն։ Սակայն խնդիրները անվերջ են, իսկ դրանց լուծումը բավարար չէ՝ մարդկանց գոնե նվազագույն բարեկեցիկ կյանքն ապահովելու համար։

Ու նորից ամենամեծ խնդիրը՝ բնակարանի հարցը։ Ներկայում ռուս ռելոկանտների հոսքով պայմանավորված՝ վարձով բնակարանների գները բազմապատկվել են, ու տեղահանվածների վիճակն ավելի է վատթարացել։ Նրանցից շատերն արդեն ի վիճակի չեն Երևանում բնակարան վարձել, և տեղափոխվում են մարզեր կամ Արցախ։ Իսկ այնտեղ շատ ավելի դժվար է աշխատանք գտնելը։

Աշխատանքի խնդիր

Ամենամեծ խնդիրներից է գործազրկությունը։ Շատ դեպքերում մարդիկ կարողանում եմ աշխատանք գտնել այսպես ասած «ծանոթի միջոցով»։ Սկզբնական շրջանում բազմաթիվ անվճար դասընթացներ էին կազմակերպվում երիտասարդ կանանց համար, որտեղ նրանք ստանում էին վարսահարդարի, մատնահարդարի, դերձակի մասնագիտություններ։ Սակայն ոչ բոլորին է հաջողվում հետագայում աշխատանք գտնել։ Ավելի դժվար է 45-ն անց կանանց և տղամարդկանց համար․ նրանք գրեթե շանս չունեն հիմնարկներում կամ նույնիսկ մասնավոր հատվածում աշխատելու։ Մինչդեռ այդ մարդկանց մեջ կան հմուտ և բազմամյա աշխատանքային փորձ ունեցող բուժքույրեր, կայացած ֆերմերներ, սոցաշխատողներ և այլն։

Երիտասարդների շրջանում աշխատանքի տեղավորման համար խնդիր է դառնում որակյալ կրթությոան ու մասնագիտության բացակայությունը։ Իսկ բանվորական աշխատանքը շատ ցածր է վարձատրվում, ինչը հնարավորություն չի տալիս հոգալ ընտանիքի խնդիրները։ Շատերը ստիպված են լինում աշխատել զուգահեռ երկու կամ ավելի տեղ կամ տաքսի քշել։

Հաշմանդամություն ունեցողների և այլ խնդիրներ

Բարդ է նաև պատերազմում վիրավորված ու հաշմանդամություն ձեռք բերած տղամարդկանց վիճակը։ Կան ընտանիքներ, որտեղ միակ կերակրողը ներկայում հաշմանդամ է, ծնողները՝ թոշակառուներ, իսկ կինը հասցնում է հոգալ մանկահասակ կամ փոքր տարիքի դպրոցական երեխաների խնդրիները։ Մեծ ծախսեր են պահանջվում նաև նրանց երկարատև բուժման համար։

Խնդիր են նաև մեծահասակները։ Շատ դեպքերում նրանք միայնակ են, քանի որ երեխաները ապրում են այլ քաղաքում կամ դրսում։ Այս խմբի մասին ևս հստակ վիճակագրություն չկա։

Եվ, վերջապես, զոհվածների ընտանիքները։ Կան ընտանիքներ, որ զոհ են ունեցել թե՛ Առաջին պատերազմում, թե՛ 2016-ին և թե՛ 2020-ին։ Որոշ ընտանիքներում էլ մեկից ավելի կորուստներ կան։ Ցավալի է, որ նման ընտանիքները մինչ այսօր փոխհատուցում չեն ստացել իրենց՝ Արցախում կորցրած ունեցվածքի դիմաց։

Բնակարանի սերտիֆիկատների մասին

Ինչ վերաբերվում է բնակարան ձեռք բերելու համար տրվող սերտիֆիկատներին, ապա դրանց արժեքը շատ ցածր է։ Ներկայիս անշարժ գույքի գների պայմաններում անհնար է բնակարան կամ առանձնատուն ձեռք բերել 8, 10, կամ նույնիսկ 12 միլիոն դրամով։ Իսկ հիպոթեկի ձևակերպումը կապված է մեծ խնդիրների հետ, որոնք առաջանում եմ բանկերի հետ պայմանագիր կնքելիս։

Արցախ վերադառնալու մասին

Շատ է խոսվում այն մասին, թե ինչու տեղահանված արցախցիները չեն վերադառնում Արցախ, որտեղ նրանց գրեթե սարեր են խոստանում։ Միանգամից նշենք, որ դա այդքան էլ այդպես չէ։ Արցախում տեղահանված բնակիչներն ունեն գրեթե նույն խնդիրները, ինչ Հայաստանում ապաստանածները՝ անշարժ գույքի բարձր գներ, աշխատանքի խնդիր և այլն։ Բացի այդ, մարդիկ, որոնք չեն վերադառնում Արցախ, ունեն դրա համար բազմաթիվ այլ պատճառներ։

Անգամ ծանր պատերազմից ու պարտությունից հետո Արցախի հանրային կյանքում գրեթե ոչինչ չի փոխվել․ նույն կոռուպցիան, նույն սոցիալական անարդարությունը, նույն հասարակության պառակտվածությունը և, ամենգլխավորը, անվտանգության խնդիրն ու Արցախի ապագայի հետ կապված անորոշությունը։

***

Սա է ընդհանուր պատկերը։ Յուրաքանչյուր խնդրի ու երևույթի մասին կարելի է խոսել առանձին։ Հաջորդ հոդվածներում կխոսեմ նաև իրավա-քաղաքական խնդիրների մասին։

Մարգարիտա Քարամյանը «Վերադարձ դեպի Դիզակ» կազմակերպության հիմնադիրն է։

Մեկնաբանել