Ինքնիշխանությունը քրեաիրավական միջոցներով հատուկ պաշտպանության կարիք ունի՝ ըստ կառավարության

Արդարադատության նախարարությունն առաջարկում է պետության ինքնիշխանության խախտման համար քրեական պատիժ նախատեսել։ Նախագիծը շրջանառվել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում։

Նախագծով առաջարկվում է 12-15 տարվա ժամկետով ազատազրկում նախատեսել՝ «ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունների համար»։ Պատժվելու են նաև ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչեր անողները։

«Ինքնիշխանությունը պետության՝ որպես սուբյեկտի հիմնական հատկությունն է: Այսպես, միջազգային իրավունքում թեև «պետություն» եզրույթը չի բնորոշվում, սակայն սահմանվում է, որ պետությունները հատուկ ինքնիշխան կազմավորումներ են, և որ նրանց փոխհարաբերությունների հիմնական սկզբունքներից մեկը պետությունների ինքնիշխան հավասարության սկզբունքն է»,- ասվում է նախագծում։

Արդարադատության նախարարությունում կարծում են, որ միջազգային փաստաթղթերում և ՄԻԵԴ դատական պրակտիկայում պետական անվտանգության պաշտպանության համատեքստում հանգամանալից անդրադարձ է կատարվել խոսքի ազատության իրավունքի ազատության սահմանափակմանը:

Նախագծի հեղինակներն ուսումնասիրել են նաև միջազգային փորձը, նշելով.

«Այս համատեքստում կարևոր ենք համարում նաև անդրադառնալ համեմատական փորձին: Այսպես.

Գերմանիայում քրեական պատասխանատվություն է սահմանված ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի միջոցով Գերմանիայի Դաշնային Հանրապետության շարունակական գոյությունը խաթարում կամ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հիմնական օրենքի վրա հիմնված սահմանադրական կարգի փոփոխություն ձեռնարկելու համար:

Լիտվայում քրեական պատասխանատվություն է նախատեսվում այն անձի համար, ով հրապարակայնորեն կոչ է արել բռնությամբ խախտել Լիտվայի Հանրապետության ինքնիշխանությունը՝ փոխել սահմանադրական կարգը, տապալել օրինական իշխանությունը, ոտնձգել նրա անկախությունը կամ խախտել տարածքի ամբողջականությունը, ստեղծել զինված խմբավորումներ այդ նպատակների համար կամ սույն գլխով նախատեսված այl հանցագործություններ կատարել, որոնք հարձակում են Լիտվայի պետության վրա։

Էստոնիայում քրեական պատասխանատվություն է նախատեսվում գործունեության համար, որն ուղղված է Էստոնիայի Հանրապետության անկախության, ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության բռնի խախտմանը, իշխանության բռնազավթմանը կամ ցանկացած այլ եղանակով Էստոնիայի Հանրապետության սահմանադրական կարգի բռնի փոփոխմանը:

Սլովակիայում քրեական պատասխանատվութուն է սահմանում բռնություն գործադրելով կամ բռնության սպառնալիքով սահմանադրական կարգը փոխել, Սլովակիայի Հանրապետության ինքնավարությունը կամ ինքնիշխանությունը խախտել, Սլովակիայի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտել փորձելու համար»:

Ըստ գերատեսչության՝ «համեմատական փորձի ուսումնասիրությունը ևս ցույց է տալիս, որ եվրոպական պետությունների քրեական օրենսգրքերում առանձին պատասխանատվություն է նախատեսված պետության ինքնիշխանության դեմ ուղղված բռնի գործողությունների և դրանց հրապարակային կոչերի համար»:

Մեկնաբանել