Գյուղմթերքների տոնավաճառ` նաև Կենտրոն համայնքում

Ընթացիկ տարվա օգոստոսի 19-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում (Մովսես Խորենացու փողոցում` պարփակված Տիգրան Մեծի և Ագաթանգեղոսի փողոցներով) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը, հաղորդում են Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունից:

Տոնավաճառին մասնակցելու են տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք երևանյան սպառողներին են ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը:

Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: Տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով սահմանվել և հետևողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից ստացված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:

Բացի այդ` միջնորդների ներկայությունը տոնավաճառին բացառելու նպատակով տոնավաճառի կազմակերպիչների կողմից տեղում իրականացվելու է վերահսկում:

Տոնավաճառների մասնակիցներին կազմակերպիչների կողմից անվճար տրամադրվելու են հարմարավետ վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ, սայլակներ և արտահագուստ: Տոնավաճառներն ուղեկցվելու են երաժշտությամբ, ներկայացումներով և համերգային ծրագրերով:

նավաառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորվելու է ոստիկանության կողմից: Տոնավաճառի ավարտին կազմակերպվելու են տարածքի մաքրման աշխատանքները:

Մեկնաբանել