Ռուսաստանն ակնարկում է՝ Հայաստանը կարող է դուրս մնալ ճանապարհների ապաշրջափակումից

Ադրբեջանը Նախիջևանին կապող երկաթուղու և ավտոմայրուղու կառուցումը Հայաստանի տարածքով՝ Մեղրիով, որի ինքնիշխանությունը ոչ ոք կասկածի տակ չի դնում, կախված է պաշտոնական Երևանի դիրքորոշումից: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով հոկտեմբերի 21-ին «Պատրաստված է Ռուսաստանում-2022» միջազգային արտահանման ֆորումի ժամանակ:

Նրա խոսքով՝ այսօր Ադրբեջանն ու Իրանը սկսել են կամուրջներ կառուցել սահմանի վրա, որոնք կկապեն երկու երկրների ճանապարհները և թույլ կտան «ապահովել ամենակարճ և հարմարավետ տեղաշարժն Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև»: «Իրանով արդեն կառուցվում է Հայաստանը շրջանցող ճանապարհ, որը պատրաստ կլինի մինչև 2024 թվականը», – ասել է ՌԴ փոխվարչապետը, որը հանդիսանում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ հանձնաժողովի համանախագահ:

Օվերչուկի խոսքով՝ «Հյուսիս–հարավ» և «Արևելք–արևմուտք» միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկի ձևավորման գործում նշանակալի դեր կխաղա Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակումը Հայաստանի կամ Իրանի տարածքով:

«Հենց Հարավային Կովկասում է այսօր ձևավորվում «Հյուսիս-Հարավ» և «Արևելք-Արևմուտք» հիմնական միջազգային տրանսպորտային միջանցքների խաչմերուկը։ Դրա ստեղծման դեպքում Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տնտեսությունները կսկսեն լրացուցիչ գումարներ ստանալ՝ կապված Եվրասիայում իրենց աշխարհագրական դիրքի առավելության հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ նշել է, որ իր կառավարությունը վերափոխել է «Հյուսիս-հարավ» նախագիծը և մտադիր է այն վերածել «Հյուսիս-հարավ-Արևելք-արևմուտք» նախագծի։ Նրա խոսքով, դա նշանակում է սկսել «Հայկական խաչմերուկ» նախագիծը, որը Հայաստանը կապելու է Իրանի և Ադրբեջանի, իսկ Ադրբեջանը՝ Նախիջևանի և Թուրքիայի հետ։

Տարաձայնությունների միջանցք

Հայաստանի իշխանությունները կողմ են արտահայտվում Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող երկաթուղի կառուցելու և ավտոճանապարհներ տրամադրելու գաղափարին, սակայն կտրականապես մերժում են, որ այն ունենա արտատարածքային միջանցքի կարգավիճակ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ու Թուրքիան պնդում են, որ «Լաչինի միջանցքը և Զանգեզուրի միջանցքը պետք է ունենան նույն կարգավիճակը»։

Հատկանշական է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթն օրեր առաջ հանդես էր եկել հրապարակմամբ, որում նշվում էր` ՀՀ տարածքով միջանցքի հիմնական շահառուներից է նաև Ռուսաստանը։

Ըստ այդ հրապարակման, որի հեղինակի անունը չի նշվում, որքան «ռուսական պաշտոնական հարթակները փորձում են հերքել ՌԴ-ի մասնակցությունը Հայաստանի սուվերեն տարածքով միջանցք բացելու՝ Ռուսաստանի նկրտումները, փաստերն այլ բան են վկայվում»։

Թերթը պնդում է, որ միջանցքը Ռուսաստանին թույլ կտա ազդեցություն ունենալ Ադրբեջանից Նախիջևան և Թուրքիա բեռնափոխադրումների նկատմամբ, ազդեցություն ունենալ Իրանից ՀՀ ցամաքային տարածքով անցնող բեռների վրա, հավելյալ լծակներ ունենալ ՀՀ-ի եւ Ադրբեջանի վրա, ինչպես նաև վերահսկել արևելք-արևմուտք ճանապարհների ամենակարևոր հանգույցը։

ՀՀ տարածքով, պնդում է թերթը, Ռուսաստանը միջանցք ստանալու մի քանի տարբերակ ունի։

«Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանը ռազմական էսկալացիայով թուլացնում է Հայաստանին այնքան, որ Հայաստանը ստիպված լինի մտնել Միութենական պետության կամ ՌԴ կազմի մեջ։ Ռուսաստանի դաշնակից Ադրբեջանին հաջողվում է էսկալացիայի արդյունքում ՀՀ սուվերեն տարածքից միջանցք վերցնել դեպի Նախիջևան, որի վերահսկողությունը հետագայում պետք է իրականացնի ՌԴ-ն»,- եզրափակում է թերթը։ Նշենք, նույն թերթում ավելի վաղ «Հավաստի Աղբյուրին» հղում անելով՝ լույս էր տեսել հրապարակում այն մասին, որ Ռուսաստանը թուլացնում է ՀՀ ինքնիշխանությունը` ստիպելով վերջինիս անդամակցել Միութենական պետությանը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այդ պնդումներն անվանել էր «անհեթեթություն»:

Արշալույս Մղդեսյան

Մեկնաբանել