ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը դեռ Հայաստան չի գործուղվում

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

ՀԱՊԿ դիտորդական առաքելության՝ Հայաստան գործուղման ժամկետները դեռ հայտնի չեն։ Հայաստանը որպես նախագահող պետք է կազմակերպի ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ, ինչը սակայն դեռ չի հաջողվում։

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 12-ին Աստանայում հանդիպման ժամանակ անդրադարձել էին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կողմից Հայաստան դիտորդական առաքելության գործուղման հարցին։

Միրզոյանն իր խոսքում անդրադառնալով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանն ու հարձակումներին՝ նշել էր, որ ՀԱՊԿ անդամ պետությունների և Ռուսաստանի կողմից արձագանքներն այդքան էլ միանշանակ չէին, և Հայաստանը կարիք ունի միջազգային աջակցության։ Միրզոյանը նաև ընդգծել էր, որ Հայաստանը սպասում է ՀԱՊԿ-ի ու Ռուսաստանի որոշմանը Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու մասով՝ տեղեկացնելով, որ Եվրամիությունն արդեն այդ առավոտ որոշում է կայացրել փաստահավաք խումբ ուղարկել Հայաստան։

Լավրովը, սակայն, հակադարձել էր, որ մեկ ամիս է արդեն՝ իրենց ձեռքում է Հայաստան այցից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ու Միացյալ շտաբի ղեկավարի զեկույցը, որում առաջարկվում է ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստանի տարածք՝ Ադրբեջանի հետ սահման։ «Եվ միակ բանը, որ պահանջվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, խորհուրդը պետք է գումարի ՀԱՊԿ նախագահը, որը ներկայում Հայաստանի Հանրապետությունն է։ Այսպիսով, երբ ազատ ժամանակ ունենաք, մենք պատրաստ կլինենք այդ առաքելությունը պաշտոնապես հաստատել և այն կարող է անցնել գործի»,- նշել էր Լավրովը։ Արարատ Միրզոյանն արձագանքել էր՝ Հայաստանը որպես նախագահող փորձել է պայմանավորվել Խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու հարցով, սակայն դաշնակիցների զբաղվածության պատճառով դեռ չի հաջողվել։

«Ես կոնկրետ ժամկետներ չեմ ստացել, մենք պատրաստ ենք ցանկացած պահի նման առցանց նիստ անցկացնել»,- կրկին հակադարձել էր Լավրովը։

Արտահերթ նիստ գումարելու համաձայնություն դեռ ձեռք չի բերվել

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, հարցում էր ուղարկել ՀՀ արտգործնախարարություն՝ պարզելու, թե Հայաստանը որպես ՀԱՊԿ նախագահող երկիր ինչ քայլեր է իրականացրել խորհրդի արտահերթ նիստ գումարելու ուղղությամբ, և արդյոք ներկայում կա պայմանավորվածություն նիստը գումարելու համար։

ԱԳՆ-ից հոկտեմբերի 24-ին ստացված պատասխանի համաձայն՝ ներկայում բանավոր քննարկումներով փորձ է արվում հասկանալ, երբ կարող է տեղի ունենալ ՀԱՊԿ խորհրդի նիստը, որտեղ երկրների ղեկավարները կարող են քննարկել նաև դիտորդական առաքելության գործուղումը։

«Տվյալ պահի դրությամբ հստակ որոշում չկա, քննարկումներ կան»,- նշում են ԱԳՆ-ից։

«Այս համատեքստում ահրաժեշտ է ընդգծել նաև, որ չափազանց կարևոր է իրավիճակի քաղաքական գնահատականը, որով հանդես կգան ՀՀ դաշնակից պետությունները։ Նախ և առաջ պետք է հասկանալ՝ որքանով է կազմակերպությունը ճանաչում իրավիճակը, որ կա, այն է՝ ագրեսիան Հայաստանի Հանրապետության դեմ և ներխուժումը ՀՀ սուվերեն տարածք»,- եզրափակել է ԱԳՆ։

Այպիսով, քանի որ չի գումարվում խորհրդի նիստ, ՀԱՊԿ դիտորդական առաքելության Հայաստան գործուղման ժամկետներ էլ հայտնի չեն։

Մեկնաբանել