Fly Arna-ի աշխատակիցները բարձարձայնում են իրավունքների խախտումների մասին, ընկերությունը հակադարձում է

Լուսինե Վարդանյան

Հայաստանի ազգային ավիաուղիներ Fly Arna-ի որոշ աշխատակիցներ բարձրաձայնում են իրենց իրավունքների խախտումների մասին։

Չվճարվող արձակուրդ

Մի քանի աշխատակիցներ պատմում են, որ ընկերությունը աշխատակիցներին առանց փոխահամաձայնության չվճարվող արձակուրդի է ուղարկում։

«Նախ մեզ տեղյակ չեն պահել, երկրորդը՝ ընդհանրապես նման բան չկա, որ աշխատողին ուղարկեն չվճարվող արձակուրդի, դա լինում է միայն աշխատողի նախաձեռնությամբ։ Մի խոսքով, մեզ նախ տեղյակ չպահեցին, հետո ասացին, որ իրենք ուղարկելու իրավունք ունեն»,- պատմում է Fly Arna-ի աշխատակիցը, որը չցանկացավ բացահայտել իր անձը։ Նրա խոսքով՝ պատահաբար աշխատանքային հավելվածի միջոցով է տեսել, որ իրեն երկու շաբաթով չվճարվող արձակուրդ են ուղարկում։ Ի պատասխան իր հարցերի՝ ղեկավարությունը տեղեկացրել է, որ նա միակը չէ, որին ուղարկում են արձակուրդ։

«Ասացին, որ թռիչքները քիչ են, դրանով է պայմանավորված, այսինքն՝ աշխատանք չկա, չեն կարող ապահովել աշխատանքով, ու եթե ցանկություն ունենք, կարող ենք գնալ Շարժա, էնտեղից աշխատենք այդ ընթացքում։ Ասացին նաև, որ գնալու դեպքում ավելի երկար ենք մնալու, քան չվճարվող արձակուրդի ավարտն է, քանի որ պետք է սպասենք այնտեղ արդեն գտնվող անձնակազմի վերադարձին»,- պատմում է աշխատակիցը։

Ընկերությունը աշխատողների հետ հանդիպում է կազմակերպել, ասել, որ ֆինանսական խնդիրներ ունեն, նոր ուղղություններ են բացում և ծախսերի մեջ են։

«Այսինքն՝ եթե ես չեմ գնում աշխատաքնի, թռիչք չունեմ, ես ամեն դեպքում իմ ֆիքսված աշխատավարձը ստանալու իրավունք ունեմ, որովհետև մենք առանձին ենք ստանում ֆիքսված աշխատավարձը և թռիչքաժամի գումարը»,- ասում է Fly Arna-ի աշխատակիցը։

Ընկերությունից աշխատողներին են ուղարկել չվճարվող արձակուրդի դիմումը, որպեսզի նրանք ստորագրեն այն։ ՍիվիլՆեթի տեղեկություններով՝ մի քանի աշխատակիցներ չեն ստորագրել դիմումը, սակայն աշխատավարձից տվյալ օրերի վճարը հանվել է։

Աշխատանքից դուրս գալու դեպքում աշխատակիցները ստիպված են լինելու իրենց վրա ծախսված գումարը փոխհատուցել, որը ձեռնտու չէ, ուստի նրանք ստիպված շարունակում են աշխատել Fly Arna-ում։

Փաստաբան, աշխատանքային իրավունքի մասնագետ Նարեկ Ներսիսյանը նշում է, որ գործատուն իրավունք չունի աշխատողին նրա կամքին հակառակ ուղարկել չվճարվող արձակուրդի, և դա կոչվում է հարկադիր պարապուրդ, որի համար աշխատողները վճարվում են։

Շարժայում աշխատանքը

Fly Arna-ի աշխատակիցները հնարավորություն են ունեցել մարտից ընկերության հետ կնքված «թրեյնինգ պայմանագրով» ուսուցում անցնել Շարժայում՝ 6-8 շաբաթ տևողությամբ:

Ուսումնական գործընթացն ավարտելուց և վերադառնալուց մոտ մեկ ամիս հետո, աշխատակիցների խոսքով, իրենք Fly Arna ընկերությունից առաջարկ են ստացել՝ Շարժա մեկնելու և իրականացնելու թռիչքներ Air Arabia ընկերության հետ, քանի որ Fly Arna-ն դեռևս չէր սկսել թռիչքները, ինչպես նախատեսվում էր:

Որոշ աշխատակիցներ, ընդունելով ընկերության առաջարկը, մեկնել են ԱՄԷ՝ Շարժա, այնուհետև սկսել թռիչքներ իրականացնել Air Arabia Sharjah Hub-ի հետ՝ աշխատանքային պայմանագիր չունենալով ո՛չ Air Arabia-ի, ո՛չ Fly Arna-ի հետ:

Նրանց խոսքով՝ այդ ընթացքում անկանխիկ եղանակով վճարվել են՝ համաձայն Fly Arna ընկերության հետ ունեցած «թրեյնինգ պայմանագրում» նշված գումարի չափի, իսկ Air Arabia-ից աշխատավարձը ստացել են առձեռն, քանի որ նրա հետ աշխատանքային պայամանգիր և իրավական որևէ փոխհարաբերություն չեն ունեցել։

Իրավաբան Նարեկ Ներսիսյանը սա ևս համարում է աշխատանքային իրավունքի խախտում և դրանում տեսնում անօրինական տարրեր։

Fly Arna-ն

Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ն գործում է 2022-ի հուլիսից։ Այն Հայաստանի պետական հետաքրքրություների ֆոնդի (ANIF) և Էյր Արաբիա (Air Arabia) ընկերության համատեղ ձեռնարկությունն է։

Համաձայն պետռեգիստրի՝ ավիաընկերությունն ունի 3 բաժնետեր: «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն եւ Շարժայի օդանավակայանի միջազգային ազատ տնտեսական գոտում (SAIF Zone) գործող «International Business Company (FZE)» ընկերությունն ունեն 49-ական % բաժնետոմսեր: Մնացած 2 %-ի սեփականատերն է Դուբայում գրանցված Վարուժան Աբրահամի Ներգիզյանը:

Ի՞նչ է ասում Fly Arna-ն

Ընկերությունում աշխատանքային իրավունքների խախտումների մասին ՍիվիլՆեթի հարցին ի պատասխան՝ Fly Arna-ն պատմել է, թե երբ են հիմնադրվել և ինչ դժվարությունների միջով են անցել։

Իսկ աշխատանքային պայմանների վերաբերյալ հարցերին անդրադառնալով՝ բացատրել են․

«Մինչ կմեկնարկեին մեր ավիաընկերության թռիչքները, անձնակազմին առաջարկվել է օգտվել Էյր Արաբիա խմբի անդամ ավիաընկերության աշխատակից լինելու առավելությունից և ուսումնական թռիչքներ իրականացնել ԱՄԷ-ում։ Պետք է ընդգծեմ, որ սա ևս մեկ հնարավորություն է, որն առաջարկում է մեր ավիաընկերությունն իր աշխատակիցներին, և որը հասանելի չէ նորաստեղծ ավիաընկերությունների մեծամասնությանը: Վերոնշյալ ուսումնական թռիչքների շնորհիվ մեր նոր անձնակազմը ձեռք է բերել միջազգային փորձ և զարգացրել մասնագիտական հմտությունները, որոնք վստահաբար կօգնեն նրանց մասնագիտական առաջընթացում:

Ձեր հարցին ի պատասխան՝ նշեմ, որ ուսումնառության դասընթացներին մասնակցելիս և ուսումնական թռիչքների մեկնելիս անձնակազմի բոլոր անդամներն ունեցել են ուսումնական պայմանագրեր և վարձատրվել են համաձայն այդ պայմանագրերի: Նոր հավաքագրված աշխատակիցներից շատերն օգտվել են այս հնարավորությունից և վերադարձել Հայաստան Ֆլայ Արնա ավիաընկերության թռիչքների մեկնարկին, իսկ մյուս աշխատակիցները, որոնք չեն մեկնել ԱՄԷ՝ ուսումնական թռիչքների, որոշում են կայացրել գնալ չվճարվող արձակուրդ և սպասել հայկական ազգային ավիաուղիների թռիչքների և գործունեության մեկնարկին»:

Մեկնաբանել