Զախարովան հաստատել է՝ Պուտինը Փաշինյանին և Ալիևին հրավիրել է Ռուսաստան

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաստատել է ռուսական լրատվամիջոցներում նախօրեին տարածված տեղեկությունները, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական եռակողմ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան։ Զախարովայի խոսքով՝ նախատեսվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ամբողջ օրակարգը:

«Մեզ չեն կարող չանհանգստացնել Անդրկովկասում թափ հավաքող տագնապալի միտումները, որտեղ Արևմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել Ուկրաինայում փորձարկված առճակատման մեխանիզմները»,- ասել է նա։

Ըստ ՌԴ արտգործնախարարության ներկայացուցչի՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում «Արևմուտքի մոտեցում անտրամաբանական է», հաշվի չեն առնվում «տարածաշրջանային առանձնահատկությունները և խնդիրների զգայունությունը»։

«Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակը ոչ թե փոխզիջումային և հավասարակշռված որոշումների մշակումն է, այլ ինքնագովազդն է և Անդրկովկասից Ռուսաստանի դուրս մղումը։ Մեր եռակողմ մշակումները յուրացվում և այլասերվում են։ Եվրոպական միության, ԵԱՀԿ-ի, Ֆրանսիայի ցուցանակներով արևմտյան էմիսարների մուտքը Հայաստան հաճախակիացել է։ Ընթանում են հապճեպ նախաձեռնություններ, որոնք հաշվի չեն առնում տարածաշրջանի ամբողջ բնակչության շահերը։ Դա հղի է հավասարակշռության խախտմամբ, որը բարդ պայմաններում ձեռք է բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հիման վրա»,- նշել է նա։

Զախարովան համոզված է, որ Մոսկվային ու Երևանին գժտեցնելու արտաքին ուժերի փորձերը հաջողությամբ չեն պսակվելու։

«Տեսնում ենք, թե դրսից ինչպիսի աննախադեպ ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը։ Մեր երկրների և ժողովուրդների միջև դարավոր կապերին վնաս հասցնելու ձգտման մեջ քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Վաշինգտոնի և Բրյուսելի ցուցումով գործող բազմաթիվ հիմնադրամներ, ՀԿ-ներ և ԶԼՄ-ներ կրկնակի ուժով ձգտում են հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սերմանել»,- նկատել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա նաև հայտարարել է, որ Հայաստանի հանդեպ անվտանգության ոլորտում պարտավորությունները չկատարելու Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքները «մերկապարանոց» են․ «Այս կապակցությամբ կուզենայինք հիշեցնել, որ հենց մեր երկիրն է դադարեցրել պատերազմը 2020-ի նոյեմբերին, խաղաղապահներ է ուղարկել, որոնք խաղաղություն և կայունություն են բերել տարածաշրջան և առ այսօր վճռորոշ ներդրում է կատարում Բաքվի և Երևանի միջև զինված միջադեպերի կարգավորման գործում։ Իսկ արտաքին ուժերի փորձերը ՝ հասնելու ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերմանը, հենց ուղղված են Հարավային Կովկասի ապակայունացմանը»։

Մեկնաբանել