«Սուրմալու»-ի փլուզված շենքը Նուբարաշենի ճանապարհի մոտ ապօրինի աղբավայր է դարձել

«Սուրմալու» առևտրի կենտրոնի՝ պայթյունից վնասված շինությունը ապամոնտաժվելուց հետո տեղափոխվել է Նուբարաշեն աղբավայրի հարակից տարածք։ Ընդ որում, տեղափոխումն իրականացվել է շինարարական աղբի համար ոչ թույլատրելի հատված։ Երևանի քաղաքապետարանից ՍիվիլՆեթին պարզաբանեցին, որ այդ քայլին գնացել են իրավապահների պահանջով. համայնքապետարանն առանձնացրել է տարածք, որտեղ հնարավոր է եղել դատարկել «Սուրմալուի» շինաղբը, քանի որ «դեռևս ընթանում են քննչական գործողություններ, հնարավոր է՝ այդ շինաղբի մեջ հայտնաբերվեն պայթուցիկ նյութեր»։ Իրավապահների աշխատանքի ավարտից հետո փլուզված շենքի մասերը կտեղափոխվեն շինարարական հիմնական աղբավայր։ ՍիվիլՆեթի նկարահանման ժամանակ պարզ դարձավ, որ այդ տարածք անխոչընդոտ մուտք են գործում քաղաքացիները՝ փնտրելով առարկաներ ու մետաղներ։ Տնտեսվարողներն էլ, օգտվելով իրավիճակից, շինաղբը ապօրինաբար այս հատվածում են թափում։

Մեկնաբանել