Հայաստանում հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվությունն աճել է 14,1%-ով

‘Discover Armenia from the Sky’ International Balloon Festival took place in Yerevan, Armenia

Չնայած արտաքին մարտահրավերներին` Հայաստանում պահպանվում է տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպը: Այս տարվա հունվար-սեպտեմբերին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 14,1%, իսկ սեպտեմբերին անցյալ տարվա սեպտեմբերի նկատմամբ՝ 14,6%:

Համաձայն Վիճակագրական կոմիտեի հրապարակած սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ տվյալների՝ հունվար-սեպտեմբերին համեմատաբար բարձր աճ է արձանագրվել ծառայություների ոլորտում` 27,1%, շինարարությունում`14,3%, էլեկտրաէներգիայի արտադրությունում`16,9%, առևտրի շրջանառությունում`14,4% և արդյունաբերությունում`10%:

Չնայած Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով ռուսական կապիտալով «ՎՏԲ Հայաստան բանկին» պատկանող Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցմանը՝ սեպտեմբերին հանքարդյունաբերության ոլորտն աճել է 14,8%-ով, որը թեև բարձր ցուցանիշ է, սակայն զիջում է օգոտոսի ցուցանիշին` 23,3%:

Հանքաարդյունաբերության ոլորտի նվազման ֆոնին արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է մշակող արդյունաբերության ոլորտում առկա դրական տեղաշարժերով։ Ամիսներ առաջ այդպիսի գնահատական էր տվել Էկոնոմիկայի նախահար Վահան Քերոբյանը:

Այս տարվա հունվար-սեպտեմբերին նվազել է միայն գյուղատնտեսությունը` 0,7%-ով, իսկ արտաքին առևտրաշրջանառությունը շարունակել է աճել վերջին ամիսներին ձևավորված առաջանցիկ տեմպերով` 62,5%:

Ընդ որում, այս տարվա ինն ամիսներին արտահանումն աճել է 63,8%-ով, իսկ ներմուծումը՝ 61,6%-ով: Սեպտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է արտահանման շեշտակի` 2,5 անգամ աճ, որը մասնագետները բացատրում են դեպի Ռուսաստան վերարտահանման հանգամանքով:

Դրամի միջինացված փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-սեպտեմբերին հաշվարկվել է 448,3 դրամ:

Մեկնաբանել