Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանությանն ԱՄՆ-ից ավելի մեծ աջակցող չկա․ Պետդեպ

Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը անդրադարձել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացում «Արևմուտքը զբաղված է ինքնագովազդով և փորձում է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից»:

«Նախ, մենք վիճարկում ենք մեր ջանքերը որպես ինքնագովազդ որակելը: Ոչ մի ինքնագովազդային բան չկա, որ մենք փորձում ենք վերջ դնել տարիներ շարունակվող հակամարտություններին և տարիների բռնկումներին, որոնք հանգեցրել են բռնությունների և, ի վերջո, մահվան, ինչպես հայերի, այնպես էլ Ադրբեջանի քաղաքացիների շրջանում: Այստեղ մեր միակ նպատակն է օգնել այս երկրներին աշխատել միասին՝ համապարփակ և տևական խաղաղություն հաստատելու և, ի վերջո, կյանքեր փրկելու համար: Ես չգիտեմ, թե դրա վերաբերյալ ինչը կարող է մեկնաբանվել որպես ինքնագովազդ»,- հոկտեմբերի 25-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Փրայսը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին․ «Մենք երկու ղեկավարներին էլ խրախուսել ենք հանդիպել այն ձևաչափով, որն առավել օգտակար է նրանց համար: Կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար»:

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին Ռուսաստան հրավիրելու Վլադիմիր Պուտինի հրավերին և այդ հանդիպմանը Բրյուսելի և Պրահայի հանդիպումներին ձեռքբերումների հնարավոր խաթարմանը՝ Նեդ Փրայսը նշել է․ «Ի վերջո, Հայաստանը և Ադրբեջանը պետք է որոշեն, թե արդյոք նախագահ Պուտինի հրավերն օգտակար կամ պիտանի կլինի նրանց համար կայուն խաղաղության ձգտման հարցում։ 2008-ին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան և նրա շարունակական դաժան ներխուժումը Ուկրաինա ցույց են տալիս, որ Մոսկվան քիչ է հարգում իր հարևանի ինքնիշխանությունը և դժվար թե հուսալի, երկարաժամկետ գործընկեր լինի: Բայց, ի վերջո, սա կլինի մի որոշում, որը պետք է կայացնեն Հայաստանն ու Ադրբեջանը։

Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը, ի վերջո, ԱՄՆ-ից ավելի մեծ աջակցող չկա։ 1991-ին Խորհրդային Միությունից Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի անկախության վերականգնումը կարևոր իրադարձություն էր, որը երաշխավորեց այս երկրներից յուրաքանչյուրի իրավունքը՝ Մոսկվայից կամ որևէ այլ երկրից անկախ իր արտաքին քաղաքական շահերը հետապնդելու»,- ասել է պետդեպի ներկայացուցիչը։

***

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում «Արևմուտքի մոտեցումն անտրամաբանական է», և հաշվի չեն առնվում «տարածաշրջանային առանձնահատկությունները և խնդիրների զգայունությունը»։

«Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակը ոչ թե փոխզիջումային և հավասարակշռված որոշումների մշակումն է, այլ ինքնագովազդն է և Անդրկովկասից Ռուսաստանի դուրս մղումը»,- նշել էր նա։