Արսեն Վենգեր. Կգերադասեի Վան Պերսիին վաճառել ՊՍԺ-ին, քան մրցակցին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Ռոբին վան Պերսիի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը:

«Այս գործարքի գլխավոր բացասական կողմերից մեկն այն է, որ նա ուժեղացնելու է մեր մրցակցի կազմը: Մենք չկարողացանք դրանից խուսափել: Ես կգերադասեի նրան վաճառել այլ առաջնության թիմի, օրինակ՝ ՊՍԺ-ին:

«Մանչեսթեր Յունայթեդը» շատ լավ գիտի Վան Պերսիին ու նրա խաղային որակները: Նա եզակի տաղանդ է, կարող եք հավատալ ինձ: Իհարկե, շատ ենք ցավում, որ կորցրինք նման խաղացողի, բայց պետք է հաշվի առնել նրա ցանկությունն ու ֆինանսական կողմը:

Ֆինանսական շահը միայն բավարարվածություն է բերում: Բայց, ամեն դեպքում, դաշտ են դուրս գալիս խաղացողները, ոչ թե գումարները: Սակայն եթե չես կարողացել երկարաձգել ֆուտբոլիստի հետ պայմանագիրը, պետք է նրան բաց թողնել: Այլ ելք չկա», – Վենգերի խոսքերն է մեջբերում Eurosport-ը: