Ի՞նչ է ստանում Հայաստանն այս կամ այն գործչին անցանկալի հայտարարելուց

Ռուսաստանի Պետդումայի՝ ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինին Հայաստանում «անցանկալի անձ» հռչակելը կրքեր է բորբոքել: Սոցցանցային քննարկումներում, որոնց հատկապես ակտիվ մասնակցում են Ռուսաստանի քաղաքականության քննադատներն ու Հայաստանի իշխանությունների համակիրները, գերակայում են պիտակավորումները, իսկ այլ կարծիք հայտնողներին՝ հաճախ անվանում «Ռուսաստանի գործակալ» ու վերջակետ դնում: Այդ որոշման հետևանքների, դրա հետևում քաղաքականության, հաշվարկների առկայության կամ բացակայության մասին բովանդակային քննարկում գրեթե չկա:

2020-ի պատերազմից հայ-ռուսական հարբերություններում սկսված նոր շրջափուլը, որը բնութագրվում էր Հայաստանի անվտանգային ու քաղաքական բնագավառներում ՌԴ-ի գրեթե միանձնյա դոմինանտությամբ, սկսեց փոխվել հետպատերազմյան ստատուս քվոյի ձևափոխմանը զուգահեռ: Պատերազմի ավարտից մեկ ամիս անց` 2020-ի դեկտեմբերին, ռուսական խաղաղապահների իներտության պայմաններում Ադրբեջանի զինված ուժերը զավթեցին Արցախի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը՝ գերեվալերով հայ զինծառայողների:

Ամիսներ անց Հայաստանի սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական զորքերի ներխուժումը, այնուհետև՝ 2021-ի նոյեմբերին, տեղի ունեցած սահմանային բախումները և ՀԱՊԿ-ի լռությունն իրենց ճշտումները մտցրեցին Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետպատերազմյան ներկապնակում:

Այս տարվա օգոստոսին Լաչինի միջանցքի շուրջ բախումներից հետո Երևանը խախտեց լռությունը:

«ԼՂՀ-ում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ և դրանց թվում նաև վերջին օրերի իրադարձությունները հայ հանրության շրջանում առաջ են բերում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի բովանդակության և էության հետ կապված հարցեր»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որից շուրջ տասը օր առաջ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 32-ամյակի առիթով օգոստոսի 23-ին հղած իր ուղերձում ակնարկել էր. «Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»:

Այդ օրերին ՍիվիլՆեթի տաղավարում ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանն այսպես մեկնաբանեց Ռուսաստանին ուղղված վարչապետ Փաշինյանի հայտարարությունը. «Ռուսաստանին ուղղված Փաշինյանի ակնարկը վտանգավոր է, եթե դրա տակ չկա հաշվարկ»:

Այդ հարցն արդիական է նաև այժմ, երբ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ակնհայտորեն առաջանում են ճեղքեր, որոնք ավելի ցայտուն են դառնում քաղաքական մակարդակում փոխադարձ կշտամբանքների ֆոնին: Բավական է հիշել վերջերս Աստանայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Արարատ Միրզոյանի խոսակցությունը, երբ վերջինս առանց դիվանագիտական ձևականությունների ներկայացրեց հայկական կողմի դժգոհությունը՝ Հայաստանում արժանանալով շատերի ծափողջույններին: Դրան ևս չհետևեց որևէ լուրջ քննարկում այն մասին, թե գետնի վրա գլխավոր դիվանագետի կոշտ հռետորաբանությունն ինչ խնդիր լուծեց: Դրանից Հայաստանի ինքնիշխանությունն ամպրապնդվե՞ց, թե՞ անվտանգության աստիճանն ավելացավ կամ գուցե երկուսը միասի՞ն:

Ընդհանրապես, հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանի ցակացած քայլ պետք է միտված լինի Հայաստան պետության անվտանգության, միջազգային վարկանիշի և տնտեսական շահերի սպասարկմանը: Սա միջազգային հարաբերությունների այբուբենն է, որը սովորեցնում են համանուն ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներին:

Այստեղից ծագում է մյուս հարցը` Կոնստանին Զատուլինի, Մարգարիտա Սիմոնյանի կամ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելով ի՞նչ խնդիր է լուծվում:

Հայաստանի միջազգային հեղինակությո՞ւնն է բարձրանում, տնտեսական կապե՞րն են բարելավվում, թե՞ անվտանգությունն է մի քանի աստիճան ամրապնդվում:

Զատուլինն ու Սիմոնյանը, մեղմ ասած, վիճելի կերպարներ են: Իրենց թույլ են տվել արտահայտություններ, որոնք Հայաստանի իշխանությունների կամ հայաստանցիների մի մասի սրտով չեն, նաև վիրավորական են: Մյուս կողմից, նրանք կարծիքի հեղինակություններ են Ռուսաստանում՝ քաղաքական ու մեդիա ազդեցության լծակներով: Ադրբեջանը վերջին տարում ռուսական մեդիա և փորձագիտական դաշտում գրագերտ աշխատանքի և շռայլ ֆինանսավորման արդյունքում հավաքել է փորձագետների ու քաղաքական գործիչների ազդեցիկ շրջանակ` ռուսական հանրային ընկալումներում խարխլելու Հայաստանի դիրքերը:

Խավիարային դիվանագիտությունը կամ Ադրբեջանի փափուկ ուժն աշխատում է: Ավելին` այդ ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը Ռուսաստանի իշխանությունների հետ բազմաշերտ ու բազմաբովանդակ կապերի կառուցմանն ու խորացմանը զուգահեռ հաշտվեց ՌԴ-ում աճած-բարգավաճած էթնիկ ադրբեջանցի «անհնազանդ» օլիգարխների հետ։

Բաքուն կարողացավ նրանց դնել մի նպատակի իրականացման ընդհանուր քաղաքական գծի վրա, որի պտուղները մենք տեսանք 2020-ի հուլիսյան մարտերի մոսկովյան արձագանքներում, երբ ի հեճուկս ՌԴ օրենքների` մոսկովյան «Фуд-сити» շուկան, որը պատկանում է Ադրբեջանում ծնված ձեռներեցներ Գոդ Նիսանովին և Զարախ Իլիևին, փակեց իր դռները հայկական ծիրանով բեռնված բեռնատարների առջև։ Մի քանի ամիս անց էլ իմացանք, որ նույն մարդու հյուրանոցում է հանգիստն անցկացնում ռուսաստանցի գլխավոր հետախույզը՝ Սերգեյ Նարիշկինը։

Ի՞նչ է արել նույն ընթացքում Հայաստանը: Շարունակել է խորացնել Ռուսաստանում հայ օլիգարխներից, մեծահարուստներից ու մեդիամագնատներից շատերի հետ կոնֆլիկտը: Արգելել է նրանցից որոշների մուտքը Հայաստան: Իսկ Հայաստանն ունի՞ նրանց փոխարինողներ ռուսական մեդիա դաշտում: Ո՛չ:

Հայաստանն ինչ-որ բան անո՞ւմ է փորձագետների ու մեդիա դեմքերի յուր շրջանակը ստեղծելու համար Ռուսաստանում: Վստահ եմ՝ ոչ: Ըստ այդմ, Բաքուն կարող է անգամ ջանքեր չգործադրել: Հայկական կողմն իր գործողություններով կրճատում է առանց այն էլ սահմանափակ թվով մարդկանց քանակը, որոնք Ադրբեջանի համար գլխացավանք են: Ըստ այդմ, խարխլում է սեփական դիրքերը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող երկրում՝ Ռուսաստանում:

Մեկնաբանել