Հայաստանը ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնելու․ Փաշինյան

Հայաստանն առաջիկայում նախաձեռնելու է ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ` քննարկելու համար ավելի վաղ ՀԱՊԿ համապատասխան խմբի կողմից կազմած զեկույցը։ Խորհրդարանում հոկտեմբերի 26-ին պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հույս հայտնեց, որ հնարավորինս արագ կկայանա այդ նիստը. «Հստակ ակնկալիք կա, որ ՀԱՊԿ-ը հստակ գնահատական կտա տեղի ունեցածին և երկրորդը՝ կընդունի ճանապարհային քարտեզ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ դա ոչ միայն կառավարության, այլ հայ ժողովրդի ակնկալիքն է։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը 207 է։

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։

Սեպտեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել էր Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքի մասին տեղեկատվություն:

Մեկնաբանել