Կառավարությունը կփոխհատուցի աշնանացան ցորենի մշակության ծախսերի 50 տոկոսը

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է մինչև 100 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին շուրջ 50 տոկոսով փոխհատուցել աշնանացան ցորենի մշակության ծախսերը։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հոկտեմբերի 27-ի նիստի օրակարգում։

Կփոխհատուցվի սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման գնահատված ծախսերը, եթե սերմը հավաստագրված է, իսկ եթե հավաստագրված չէ՝ միայն վառելիքի ու պարարտանյութի ծախսերը։ Փոխհատուցման գործընթացը կիրականացնեն համայնքները՝ մինչև սույն թվականի սեպտեմբերի 15-ը Էկոնոմիկայի նախարարության հետ կնքված պայմանագրերի հիման վրա։

1 հա-ի հաշվով հավաստագրված, էլիտային կամ 1-ին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում կփոխհատուցվի 120 հազար դրամ, իսկ չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում՝ 70 հազար դրամ՝ գնահատված ծախսերի շուրջ 50 տոկոսը։

Համայնքներն իրականացնելու են ծրագրի մոնիթորինգը, ծրագրի ծախսը այս տարվա համար կկազմի մոտ 2,5 միլիարդ դրամ։ Էկոնոմիկայի նախարարության հիմնավորումների համաձայն՝ Հայաստանում ընդհանուր ցանքերի միայն 26%-ն է հատկացվում գլխավոր պարենային մշակաբույսին՝ ցորենին: Իհարկե, դա հիմնականում բացատրվում է հացահատիկային մշակաբույսերից ստացվող եկամտի ցածր մակարդակով: