Ինչպես է հայ-ադրբեջանական հակամարտությունն ընկալվում Գերմանիայում

Աշոտ Ամիրջանյանը ծնվել և մեծացել է Երևանում, այնուհետև մեկնել է Կիև, սովորել միջազգային հարաբերություններ և տեղափոխվել Գերմանիա։ Նա աշխատել է BBC-ի ռուսական ծառայությունում, Deutsche Welle-ում, իսկ վերջին տարիներին՝ RBB-ում (Բեռլինի և Բրանդենբուրգի ռադիոյում)՝ որպես խմբագիր։ Նա որոշել է վերադառնալ Հայաստան և ստացած փորձը կիրառել այստեղ։ ՍիվիլՆեթը զրուցել է Աշոտ Ամիրջանյանի հետ Գերմանիայում հայ-ադրբեջանական հակամարտության ընկալումների, այնտեղի հայ համայնքի, հայաստանյան մեդիա դաշտի և այլ թեմաների մասին։

Վերադարձը Հայաստան

Ես այստեղ հանգիստ ժամանակներ չեմ ակնկալում։ Ադրբեջանական վերջին հարձակումից ինձ համար պարզ դարձավ, որ այստեղ այլևս հանգիստ չի լինի։ Դա նախօրոք պլանավորած որոշում չէր։ Մի քանի գաղափարներ ունեմ։ Իմ գլխավոր մոտիվացիան այստեղ օգտակար լինելն է։ Այնտեղ բավականին երկար ժամանակ է՝ օգտակար եմ եղել, իսկ այս դժվար ժամանակներում ուզում ե այստեղ օգտակար լինել։ Թե կոնկրետ ինչ կանեմ՝ ժամանակը ցույց կտա։

Հայ-ադրբեջանական հակամարտությունը և գերմանական մեդիան

Պետք է նշեմ, որ նույնիսկ Ուկրաինայի նկատմամաբ վերաբերմունքը երկար տարիներ այնպիսին էր, ինչպիսին հիմա Հայաստանի նկատմամբ։ Պատերազմի սկսվելուց հետո լուսաբանումը, սակայն, այլևս ձևական չէ, սկսվեց թեմայի արժեքավորումը և ճիշտ դասակարգումը։

Հայաստանի նկատմամբ դա տեղի չունեցավ նաև երկու տարի առաջ։ Այժմ՝ սեպտեմբերյան հարձակումից հետո, իրավիճակը փոխվել է, քանի որ Ուկրաինայում պատերազմի պատճառով Գերմանիան էապես քննադատական է դարձել և ավելի պատրաստ տեսնելու կուլիսներում կատարվողը, ավելի համարձակ իր գնահատականներում։

Գերմանիայի արտգործանախարարը ասում է, որ պետք է արժեքակենտրոն քաղաքականություն վարել, սակայն չի կարելի ասել, որ արժեքակենտրոն լրագրությամբ են զբաղվում։ Ամենուր առաջին տեղում են շահերը, գործ ունենք մասնավոր մեդիաների հետ, որոնք իրենց քաղաքականությունը ունեն, իրենց սեփականատերերը ունեն։ Հանրային ֆինանսավորում ունեցող մեդիաներում, որտեղ ես եմ աշխատում, դա ավելի քիչ է հանդիպում։

Մյուս կողմն էլ այն է, որ կան հստակ ստանդարտներ, որոնցով նրանք աշխատում են, և եթե չկան շահեր, ինչպես ուկրաինական պատերազմի դեպքում է, չկա հստակ միանշանակություն, կա ձևական լուսաբանում։

Հայաստանի դեպքում վերջին շաբաթներին նկատելի է փոփոխություն․ Հայաստանը ադրբեջանական ագրեսիայից միջազգային իրավունքին համապատասխան պաշտպանելու պատրաստակամությունն աճել է։ Այս տեսանկյունից առաջամարտիկ էր Ֆրանսիայի նախագահը։ Նրան է պետք երախտապարտ լինել այն բանի համար, որ Գերմանիան նույնպես սկսել է հետաքրքրություն ցուցաբերել։

Կան արժեքներ, բայց կան նաև շահեր։ Սա հակասություն է, հայկական տեսանկյունից՝ դաժան հակասություն։ Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումը հատեց բոլոր թույլատրելի սահմանները։ Վերջին տարիների միակողմանիությունը Գերմանիայում, հնարավոր է, կփոխվի։

Հայկական համայնքը

Նկատելի է, որ թուրքական և ադրբեջանական համայնքները գնալով ավելի շատ են միասին աշխատում և իրենց հակահայկական գործողությունները համակարգում։ Թուրքիայի արտգործնախարարը վերջերս պաշտոնապես դիմեց Եվրոպայում թուրքական համայնքներին՝ կոչ անելով հայկական լոբբինգը հետ մղել և ավելի ակտիվ դառնալ։

Գերմանիայի թուրքերի նոր սերունդը արդեն կրթություն ունի և կարողանում է մտնել կուսակցություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, Բունդեսթագ, ազդեցություն ունի մեդիայի վրա։ Գերմանիայում հայկական համայնքը փոքր է և չունի հանրային կարծիքի վրա ազդելու հնարավորություն։ Ի տարբերություն Ֆրանսիայի, որտեղ հայկական մեծ համայնք կա, Գերմանիայում չես կարող շատ բան անել։

Զրուցեց Լուսինե Վարդանյանը

Մեկնաբանել