Ինչ էր ասում իշխանությունը Արցախի մասին և ինչ է ասում հիմա

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck #խոստմնացույց

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 7-ին «Ֆակտոր» լրատվականի հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանը 2020-ի 44-օրյա պատերազմից հետո այլևս չունի հնարավորություն և ռեսուրս ապահովելու Արցախի ժողովրդի իրավունքները և անվտանգությունը։ Ըստ Աղաջանյանի՝ արցախցիների անվտանգության երաշխավորը, ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, միայն ռուս խաղաղապահ առաքելությունն է։

https://youtu.be/aLuzgyp6t1s?t=961

Նույն հարցազրույցում Աղաջանյանը կարծիք էր հայտնել նաև, որ առկա միակ ռեսուրսը արցախցիների իրավունքների և անվտանգության ապահովման հարցում միջազգային հանրության կողմից ճնշումներն են։ ՀՀ-ն, ըստ Աղաջանյանի, չունի որևէ ռազմական, տնտեսական, և քաղաքական ռեսուրս դրանց ապահովման համար։

«ՀՀ-ն որևէ պրակտիկ, գործնական վերահսկողություն Արցախի նկատմամբ չունի նոյմեբերի 9-ից ի վեր։ Կրկնում եմ՝ ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական նույնիսկ»,- հավելել է նա։

Ինչ էր ասում «Քաղաքացիական պայմանագիրը 2021-ին

Էդուրարդ Աղաջանյանը նշում է, որ վերոնշյալ իրավիճակը ծագել է 2020-ի նոյեմբերից։ Այս հայտարարությունները, սակայն, հակասում են պատերազմից հետո իշխանությունների պաշտոնական դիրքորոշմանն ու ներկայացրած նախընտրական ու կառավարության ծրագրերին։

Մասնավորապես, 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ ներկայացված նախընտրական ծրագրում Արցախի հիմնախնդրի մասին բաժնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ասում է.

«Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Խորացնելու ենք համագործակցությունը Արցախի հետ անվտանգային և ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝ Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում»։

Իսկ կառավարության 2021-2026 թթ. ծրագրում «Ղարաբաղյան հիմնախնդիր» բաժնում ասվում է, որ առաջիկա տարիներին կառավարության գլխավոր խնդիրը պետք է լինի ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումը։

«Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»։

Միաժամանակ նշվում է, որ Արցախի անվտանգությունը կշարունակի ապահովել Պաշտպանության բանակը, իսկ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայությունն Արցախում անվտանգության կարևորագույն երաշխիք է:

Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող բաժինը

Նույն բանը գրված է 2021-ին ընդունված կառավարության 2022-ի բյուջետային ուղերձում՝ Արցախյան հիմնախնդրին վերաբերող հատվածում․

«Հայաստանը շարունակելու է հանդիսանալ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ Արցախի մշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ»։

Այսինքն, և՛ իշխող կուսակցության, և՛ 2021-ին ընդունված կառավարության ծրագրերում կրկնվում է նախադասությունը, որ ՀՀ-ն շարունակելու է լինել Արցախի «անվտանգության երաշխավորը»։ Իսկ պատգամավոր Աղաջանյանը, որը նաև ՔՊ վարչության անդամ է, ընտրություններից մեկ տարի անց հայտարարում է, որ 2020-ի նոյեմբերից հետո Հայաստանը չունի որևէ ռեսուրս Արցախի անվտանգության ապահովման հարցում։

Մեկնաբանել