ԵՄ դիտորդները պարեկություն իրականացնելու նպատակով ուղևորվել են հայ-ադրբեջանական սահման

ԵՄ դիտորդները պարեկություն իրականացնելու նպատակով ուղևորվել են հայ-ադրբեջանական սահման, հայտնում է Եվրամիության անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչի եվրոպական արտաքին գործողության ծառայությունը։

«Հայաստանում ԵՄ դիտորդները ուղևորվել են իրենց առաջին պարեկությունն իրականացնելու։ Առաջիկա երկու ամիսների ընթացքում ԵՄ մոնիտորինգային խումբը կվերահսկի իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում՝ վստահություն ձևավորելու և սահմանային հարցերով հանձնաժողովներին աջակցելու համար»,- տեղեկացնում են ծառայությունից։

Հոկտեմբերի 17-ին Եվրամիության Խորհուրդը որոշում էր կայացրել քաղաքացիական առաքելություն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով դիտորդական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Որոշումը կայացվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպման արդյունքում։

Պաշտոնական մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ այն բաղկացած է լինելու առավելագույնը 40 դիտորդ-փորձագետներից, որոնք կդիտարկեն, կվերլուծեն և կզեկուցեն տարածաշրջանի իրավիճակի մասին։