Հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ խորհրդի նիստում կքննարկվի Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը

Հոկտեմբերի 28-ին տեսակոնֆերանսի ռեժիմով տեղի կունենա ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ, որի ընթացքում նախատեսվում է քննարկել Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը, հայտնում է Կազմակերպության պաշտոնական կայքը։

«Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված սեպտեմբերի 15-ին Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները։ Նախատեսվում է նաև քննարկել Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները»,- ասված է հաղորդագրությունում։

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը 207 է։

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։

Սեպտեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել էր Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքի մասին տեղեկատվություն:

Մեկնաբանել