Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը 

Արցախի Ազգային ժողովը հոկտեմբերի 27-ին 30 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը: 33 հոգանոց խորհրդարանում քվեարկությանը գրանցվել էր 32 հոգի, չի քվեարկել երկու հոգի։

Նախագիծը ներկայացրեց Արցախի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Լազարյանը: Նա ասաց, որ «հաշվի առնելով առկա մարտահրավերները, աշխարհաքաղաքական իրողությունները՝ առաջարկվել է սահմանադրական փոփոխությունների առավել ճկուն գործիքակազմ ներկայացնել՝ այդ կերպ կանխելով սահմանադրական ճգնաժամերը և հնարավորություն տալ մարտահրավերը հաղթահարել առանց ցնցումների»:

Լազարյանն ասաց, որ առաջարկվում է վերանայել սահամանդրության փոփոխման եղանակներին առնչվող իրավակարգավորումները՝ անփոփոխ թողնելով գործող սահմանադրության 163-րդ՝ «Սահմանադրության անփոփոխելի հոդվածները» հոդվածը, համաձայն որի՝ Սահամանադրության 1-ից 4՝ «Արցախի Հանրապետությունը», «Ժողովրդի ինքնիշխանությունը, «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները» և «Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը» հոդվածները անփոփոխ են:

Լազարյանը խոսեց գործող Սահմանադրության 175-րդ՝ «Արցախի Հանրապետության իրավազորության սահմանները» հոդվածի մասին, որտեղ ամրագրված է, որ «մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրապետության իրավազորության ներքո»:

Արցախի գործող Սահմանադրությունն ընդունվել է 2006-ին, փոփոխվել՝ 2017-ին։ Սահմանադրության ընդունման, ինչպես նաև փոփոխման պահին Արցախի իրավազորությունը տարածվում էր ոչ միայն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) գերակշիռ մասի, այլև նախկին ԼՂԻՄ-ին հարակից Խորհրդային Ադրբեջանի յոթ շրջանների վրա՝ ամբողջությամբ կամ մասամբ։ 2020-ի պատերազմից հետո Արցախը կորցրել է վերահսկողությունը ոչ միայն յոթ շրջանների, այլև նախկին ԼՂԻՄ-ի որոշ տարածքների նկատմամբ, այդ թվում՝ Շուշի քաղաքի և ամբողջ Հադրութի շրջանի։

Ավելի վաղ հրապարակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում ասվում էր, որ խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացվելու են առանձին՝ համապատասխանաբար 2023 և 2024 թվականներին: ԱԺ մտած նախագծում այս դրույթը չկա։

Սահմանադրության փոփոխությամբ՝ նախագահական համակարգից անցում է կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգի:

Կարդացե՛ք նաև՝ Արցախում հանրաքվեն կարող է լինել դեկտեմբեր-փետրվարին․ զրույց Հանձնաժողովի նախագահի հետ

Մեկնաբանել