Ինչ տարբերակ էլ ընտրվի, եթե դա կտանի խաղաղության, Ռուսաստանը միայն կողմ է․ Պուտին

Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն անհրաժեշտ է համարում: Մոսկվան աջակցում է խաղաղ կարգավորմանը, նաև սահմանազատմանը և սահմանային խնդրի ամբողջական կարգավորմանը. այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վալդայի համաժողովի շրջանակում:

«Մեր դիրքորոշումն այն է, որ խաղաղության պայմանագիրը, իհարկե, անհրաժեշտ է: Եվ մենք կողմնակից ենք խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև սահմանազատմանը և սահմանային հիմնախնդրի ամբողջական կարգավորմանը: Մենք կողմ ենք: Հարցն այն է, թե որ տարբերակն ընտրել. սա Հայաստանի, հայ ժողովրդի և Հայաստանի ղեկավարության գործն է»,- ասել է Պուտինը:

Պուտինը նշել է, որ ՌԴ-ն կաջակցի Հայաստանի ցանկացած ընտրություն: Ըստ Պուտինի՝ «վաշինգտոնյան» տարբերակը նախատեսում է Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում:

«Եթե Հայաստանը դա ճիշտ է համարում, ապա, խնդրեմ, մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն: Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը կարծում են, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել և ինչ-որ կերպ դա քննարկել ապագա հաշտության պայմանագրում, դա նույնպես հնարավոր է: Բայց, անխոս, պետք է բանակցել Ադրբեջանի հետ»,- ասել է Պուտինը՝ անհրաժեշտ համարելով, որ պայմանավորվածությունները ընդունելի լինեն նաև մյուս կողմի համար:

ՌԴ նախագահն ընդգծել է, որ ինչ տարբերակ էլ ընտրվի, եթե դա կտանի խաղաղության, Ռուսաստանը միայն կողմ է: «Մենք ոչինչ չենք պատրաստվում պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայաստանին ոչինչ թելադրել»,- նշել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև խոսել է Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման պատմության մասին՝ նշելով, որ Ռուսաստանը երկար տարիներ Հայաստանին առաջարկել է Ղարաբաղի հարցը լուծել Բաքվին 5 շրջան հանձնելու միջոցով։

«Մենք տարիներ շարունակ երկխոսություն ենք վարել հայկական կողմի հետ և առաջարկել ենք Ղարաբաղի հետ կապված հարցը կարգավորել հետևյալ կերպ։ Չէ որ Հայաստանը փաստացի վերահսկում էր Ադրբեջանի յոթ շրջանները։ Մենք ասել ենք՝ եկեք շարժվենք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այստեղ կան երկու շրջաններ (նկատի ունի Քելբաջարի և Լաչինի շրջանները – խմբ․), ինչ-որ փուլում կպայմանավորվենք ադրբեջանական կողմի հետ՝ տվեք հինգ շրջանը, դրանք պետք չեն, ուղղակի դատարկ են, այնտեղ մարդիկ գնացել են, փաստացի վտարվել են այդ տարածքներից։ Ինչու պահել դրանք, իմաստ չկա։ Իսկ Ղարաբաղի հետ կապի համար երկու մեծ շրջանները բավական են։ Դա լավ քայլ կլիներ ընդհանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։ Բայց հայկական ղեկավարությունը գնաց իր ճանապարհով։ Ինչպես հայտնի է, դա հանգեցրեց այն իրավիճակին, որը ստեղծվել է այսօր»,- ասել է նա։