Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի առաջարկած սկզբունքների հիման վրա աշխատել Ադրբեջանի հետ․ Փաշինյան

Հայաստանը համաձայն է աշխատել Ադրբեջանի հետ Ռուսաստանի առաջարկած սկզբունքների հիման վրա, այս մասին Թվիթերի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանը սեպտեմբերի սկզբին համաձայնություն է տվել Ռուսաստանի ներկայացրած հիմնարար սկզբունքների և պարամետրերի հիման վրա աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, և պատրաստ է դա հաստատել Սոչիում: Հուսով ենք՝ Ռուսաստանը կաջակցի իր առաջարկներին»,- գրել է Փաշինյանը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 27-ին Վալդայի համաժողովի շրջանակում հայտարարել էր․ «Մենք չենք պատրաստվում ոչինչ պարտադրել, չենք կարող և չենք պատրաստվում Հայստանին ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ, ինչքան գիտեմ՝ վաշինգտոնյանը, որը նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը, ապա խնդրեմ, մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։ Եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը կարծում են, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնել և ինչ-որ կերպ դա քննարկել ապագա հաշտության պայմանագրում, դա նույնպես հնարավոր է»,- ասել էր Պուտինը։

Ռուսաստանի նախագահը հերթական եռակողմ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հոկտեմբերի 31-ին հրավիրել է Սոչի։ Նիկոլ Փաշինյանը հաստատել է իր մասնակցությունը։

Մեկնաբանել