Պողոս Պողոսյանի սպանության գործով դատաբժիշկների կեղծ եզրակացության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

2001-ի սեպտեմբերի 25-ին «Առագաստ» սրճարանի զուգարանի միջանցքում Պողոս Պողոսյանի սպանություն գործով դատաբժիշկների կողմից կեղծ եզրակացություն տալու փաստով 2022-ի հոկտեմբերի 26-ին նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնում է Գլխավոր դատախազությունը։

«Պողոսյանի դիակի զննությամբ հայտնաբերված մարմնական վնասվածքների մի մասի վերաբերյալ դիակի դատաբժշկական առաջնային փորձաքննություն իրականացրած փորձագետներ Շ.Գ.-ի և Գ.Հ.-ի կողմից չեն արձանագրվել քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Հանձնաժողովային փորձաքննության եզրակացությամբ հերքվել են Պողոսյանի մահվան անմիջական պատճառ հանդիսացած և կյանքի համար վտանգավորության հատկանիշով առողջությանը ծանր վնաս պատճառող մարմնական վնասվածքների առաջացման մեխանիզմի վերաբերյալ վերոնշյալ փորձագետների կողմից արված հետևությունները»,- ասված է հաղորդագրություններում։

Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 504-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության առնչությամբ կեղծ եզրակացություն տալը:

***

Խոսքը 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Հայաատանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Հարությունյանի և Պողոսյանի միջև «Պրիվետ, Ռոբ» արտահայտության պատճառով «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի գործի մասին է: Այս միջադեպի հետևանքով Պողոսյանը մահացել է:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար:

Դատարանը հաստատված է համարել, որ 2001թ. սեպտեմբերի 25-ի ժամը 00:30-ի սահմաններում Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում Հարությունյանի և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողոս Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է:

Դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:

Մեկնաբանել