Ռոնալդուն և Ալոնսոն կերկարաձգեն պայմանագրերը Ռեալի հետ

«Ռեալը» շարունակում է թիմի առանցքային խաղացողների պայմանագրերի հարցերի լուծումը: Դի Մարիան, Արբելոան ու Ալբիոլն արդեն իսկ երկարաձգել են պայմանագրերը, իսկ Իգուաինը շատ մոտ է դրան: Բայց ակումբը չի մոռանում իր երկու գլխավոր դերակատարներին՝ Խաբի Ալոնսոյին ու Կրիշտիանու Ռոնալդուին:

Դեռևս հունիս ամսին Ժոզե Մոուրինյոն խնդրել էր ակումբի ղեկավարությանը երկարաձգել իսպանացու պայմանագիրը, որն ավարտվում է 2014 թվականին: Խաբին սկսում է իր 4-րդ մրցաշրջանը «Ռեալում», ու Մոուրինյոն ցանկանում է, որ նա մնա թիմում նաև առաջիկա երկու մրցաշրջաններում: Նրան առաջարկվելու է պայմանագիր կնքել մինչև 2016 թվականը:

Կրիշտիանուի հարցը մի շարք խնդիրների հետ է կապված: Նա հենց առաջինն է, որ մնալու ցանկություն է հայտնում, բայց ուզում է նաև ստանալ ավելի շատ աշխատավարձ, իսկ այդ դեպքում հարկային վճարները լուրջ փոփոխություն կկրեն: Խաղացողը այլևս պաշտպանված չի լինի «Բեքհեմի օրենքով», ու աշխատավարձի բարձրացումից հետո ակումբը ստիպված կլինի բավականին մեծ հարկ վճարել:

Ակումբը մտածում է նրան տարեկան 15 մլն եվրո (հարկերը չեն մտնում այս գումարի մեջ, ու ակումբը դա առանձին է վճարում – խմբ.) առաջարկել: Հիմա Ռոնալդուն վաստակում է 12 մլն: