Վաղ է գնահատել Ռուբեն Վարդանյանի նշանակումը Արցախի պետնախարարի պաշտոնում

Հոկտեմբերի 20-ին գործարար Ռուբեն Վարդանյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ հայտարարելով, որ համաձայնել է ստանձնել Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնը: Գրառման մեջ Վարդանյանը նշել է, որ նոյեմբերի սկզբին պաշտոնապես ստանձնելու է պաշտոնը, ներկայացնելու է իր ռազմավարական նպատակները, լուծման ենթակա առաջնահերթ խնդիրները ու տեղեկացնելու է ձեռնարկվելիք առաջին քայլերի մասին։

Ռուբեն Վարդանյանի հնարավոր նշանակումը պետնախարարի պաշտոնում Հայաստանում քննարկվում էր այն պահից, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ Վարդանյանին նման առաջարկ է արել: Մինչ այդ Վարդանյանը հրաժարվել էր Ռուսաստանի քաղաքացիությունից ու հայտարարել Արցախ տեղափոխվելու իր որոշման մասին: Ռուբեն Վարդանյանի նշանակման վերաբերյալ Հայաստանի հրապարակային դաշտում ընթացող քննարկումներում, սակայն, գերակայում են քվազիաշխարհաքաղաքական ու դավադրապաշտական թեզերը: Այդ թեզերից ամենատարածվածները երկուսն են.

  1. Ռուբեն Վարդանյանին Ստեփանակերտ է ուղարկել Կրեմլը, որպեսզի Արցախում իշխանությունը վերցնի վերահսկողության տակ:
  2. Ռուբեն Վարդանյանը նշանակվել է պետնախարարի պաշտոնում, որպեսզի ապագայում մասնակցի Ադրբեջանի հետ ուղիղ բանակցություններում:

Ինչպես բոլոր դավադրապաշտական տեսությունների ու թեզերի պարագայում, այստեղ ևս գործ ունենք քննարկվող թեմայի վերաբերյալ գիտելիքների ու ինֆորմացիայի պակասի հետ:

Վարդանյանի նշանակումը պետնախարարի պաշտոնում բացատրող առաջին թեզի գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ այն անտրամաբանական է: Ռուսաստանը Արցախում վերահսկողություն ունենալու համար էմիսարներ ուղարկելու անհրաժեշտություն չունի: Անվտանգային հարցերում Արցախի կախվածությունը Ռուսաստանից այնքան մեծ է այս փուլում, որ Մոսկվան ցանկության դեպքում կարող է Ստեփանակերտին պարտադրել իր համար ցանկալի որևէ պահվածք ու դիրքորոշում՝ առանց կադրային փոփոխությունների:

ԼՂՀ գործող իշխանությունները, ինչպես հայտնի է, աչքի չեն ընկնում հակառուսականությամբ: Ավելին, Արցախի իշխանությունները 44-օրյա պատերազմի ավարտից հետո փորձում են բոլոր հարցերում վարել Ռուսաստանին սիրաշահելու քաղաքականություն: Այդ առումով Վարդանյանի նշանակումը պետնախարարի պաշտոնում որևէ էական փոփոխություն չի կարող մտցնել առկա ստատուս-քվոյի մեջ:

Վարդանյանի նշանակումը բացատրող երկրորդ տարածված թեզի մեջ մի քանի տրամաբանական բացեր ու սխալներ կան:

Նախ, պետք է արձանագրել, որ Արցախի պետական նախարարը որևէ արտաքին քաղաքական լիազորություններ չունի: Այդ պաշտոնը ստեղծվել է 2017 թվականին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններից հետո, երբ վերացել էր վարչապետության ինստիտուտը: Պետնախարարը գործադիրի ղեկավարը չէ, ունի սահմանափակ լիազորություններ և համակարգում է հիմնականում կառավարության սոցիալ-տնտեսական բլոկի գործունեությունը: Եթե Ռուբեն Վարդանյանը Բաքվի հետ բանակցություններին մասնակցելու նպատակով ուղարկվեր Արցախ, ապա կնշանակվեր, օրինակ, արտգործնախարարի պաշտոնում:

Այս թեզի մյուս անտրամաբանական բաղադրիչը այն է, որ Բաքու-Ստեփանակերտ բանակցային ուղիղ ձևաչափի ստեղծման գաղափարը պատկանում է Միացյալ Նահանգներին: Ռուսաստանը այս փուլում Արցախի ապագայի շուրջ բանակցություններ չի ցանկանում և փորձում է սառեցնել այս հարցը: Ավելին, հավանականությունը, որ Բաքուն երբևէ կհամաձայնի քաղաքական հարցերով Ստեփանակերտի հետ բանակցություններ սկսել, մոտ է զրոյի: Որևէ արտաքին խաղացող բավարար ռեսուրսներ ու ցանկություն չունի Ադրբեջանին նման որոշում պարտադրելու համար:

Արցախի պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակվելու շուրջ ծավալված այս քննարկումները, ինչպես տեսնում ենք, քիչ առնչություն ունեն իրականության հետ: Սա մի փոքր դրվագ է, որը ցույց է տալիս Հայաստանում քաղաքական վերլուծության ու քաղաքական մտքի մակարդակը:

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին ու նրա նշանակմանը պետնախարարի պաշտոնում, ապա գնահատականներ հնչեցնելու համար դեռևս վաղ է: Այնուամենայնիվ, Արցախում ստեղծված անորոշության մթնոլորտի պարագայում սա արդեն իսկ չափազանց կարևոր ուղերձ է արցախյան հասարակությանը, որը կարող է մարդկանց մի քիչ ավելի լավատես դարձնել ապագայի հանդեպ:

Մեկնաբանել