Անում ենք հնարավորը Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը հասնելու համար․ Պուտին

Մոսկվան այսօր անում է հնարավորը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների ամբողջական և համապարփակ կարգավորման հասնելու համար։ Այս մասին հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստին իր ելույթում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Բոլորի համար ակնհայտ է՝ և Ադրբեջանը, և Հայաստանը ոչ վաղ անցյալում, ինչպես և Ռուսաստանը, մեկ պետության մաս էին։ Մենք հսկայական կապեր ունենք և Երևանի, և Բաքվի հետ, և դա հաշվի չառնելը պարզապես անհնար է։ Անշուշտ, բոլորս բավականին բարդ վիճակում ենք։ Բայց, իհարկե, չենք կարող անմասն մնալ Ռուսաստանի համար մոտ պետությունների միջև առկա խնդիրներից և հակասություններից և մշտապես պատրաստ ենք նպաստել դրանց խաղաղ կարգավորմանը։ Մենք շահագրգռված ենք, որպեսզի Անդրկովկասը լինի հանգիստ և կայուն զարգացող տարածաշրջան»,- ասել է նա։

Պուտինի խոսքով՝ խաղաղության միակ իրատեսական ճանապարհը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարությունների դրույթները պահպանելն է։ Ըստ նրա՝ սահմանազատման, ապաշրջափակման, հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ պայմանավորվածությունների հետևողական կատարման հաշվին է հնարավոր հասնել հարաբերությունների կայուն կարգավորման։

«Հայաստանի վարչապետի հետ այդ մասին բազմիցս խոսել ենք, և ես հասկանում եմ, որ մեր գործընկերն դրա հետ լիովին համաձայն է։ Հարցն այն է, թե ինչպես գտնել այս լուծումները, դա հեշտ չէ, բայց դրանք հնարավոր է գտնել միայն այս ճանապարհով: Հետագայում դա թույլ կտա հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը»,- նշել է ՌԴ նախագահը։

Մեկնաբանել