ՀԱՊԿ ԱԳ նախարարներին տրվել է որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ հոկտեմբերի 28-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Նիստում քննարկվել են Հայաստան ուղարկված առաքելության աշխատանքի արդյունքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի զեկույցը:

Վարչապետը նշել է, որ գլխավոր քարտուղարի զեկույցը մեծապես արտահայտում է առկա իրողությունները, մասնավորապես ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման փաստը և դրա կրկնության վտանգը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:

«Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ արձագանքի շուրջ Հայաստանի ակնկալիքներին: Մասնավորապես, ևս մեկ անգամ ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021-ի մայիսի 12-ին և դրանից հետո, այդ թվում՝ 2022-ի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ քաղաքական գնահատական տալու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի ձևավորման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների արտգործնախարարներին տրվել է որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական:

***

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել էր հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը 207 է։

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։

Սեպտեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին: Կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել էր Հայաստանում ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքի մասին տեղեկատվություն:

Հոկտեմբերի 28-ին ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստում նախատեսվում էր քննարկել Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցը։