Վերաբացվել է հիմնանորոգված «Զեյթուն» մշակութային կենտրոնը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի «Զեյթուն» մշակութային կենտրոնի հանդիսավոր վերաբացմանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ ընդգրկվելով քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրերում` մշակույթի տունն ամբողջությամբ հիմնանորոգվել է և նոր ուսումնական տարում ամբողջովին նորոգված ու անհրաժեշտ բոլոր հարմարություններով կահավորված իր դռները կբացի սաների առջև:

Հիմնանորոգման ծրագրի շրջանակում շենքում առանձնացված արվեստի խմբակների դասասենյակները կահավորվել են համապատասխան գույքով, դահլիճն ու բեմն էլ վերազինվել են անհրաժեշտ տեսաձայնային և լուսային ժամանակակից տեխնիկական միջոցներով: Բեմի ներկա կահավորումը հնարավորություն է ընձեռում ինչպես պարային և թատերական միջոցառումներ բեմադրել, այնպես էլ կազմակերպել կինոդիտումներ:

«Զեյթուն» մշակութային տան վերաբացման առիթով շնորհավորելով վարչական շրջանի բնակիչներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող թամանյանական եզակի այս կառույցը այսուհետ լիովին կծառայի մատաղ սերնդի մշակութային կրթություն ստանալու շնորհակալ գործին:

«Մեծն Թամանյանի նախագծած շենքն այսօր կանգուն է, վերանորոգված, և մենք հանձնելու ենք այն մշակութային կրթություն ստացող մեր սերունդներին: Վերջին երեք տարիների ընթացքում քաղաքապետարանի ծրագրերում մշտական ուշադրության կենտրոնում են մշակութային օջախները: Մենք հայտարարել էինք, որ պետք է կարճ ժամանակահատվածում հիմնանորոգման լուրջ աշխատանքներ իրականացնենք մշակութային օջախներում, ինչն էլ այսօր հետզհետե կյանքի է կոչվում: Վստահեցնում եմ բոլոր երևանցիներին, որ այս ծրագրերը լինելու են շարունակական բոլոր վարչական շրջաններում և այն խնդիրները, որոնք դրել ենք մեր առջև, քաղաքային իշխանությունը, օր ու գիշեր աշխատելով, կհասնի իր նպատակին»,- շեշտել է քաղաքապետը:

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում մշակույթի զարգացման ու տարածման գործում ունեցած ավանդի համար մի շարք անձինք պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով և շնորհակալագրերով:

Հիմնանորոգված մշակույթի տունը, ըստ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի, հնարավորություն կտա կրկնապատկելու, անգամ եռապատկելու խմբակներ հաճախող երեխաների թիվը:

Մեկնաբանել