Արցախի նախագահը հուսով է՝ Արցախը չի անտեսվի համահայկական գագաթնաժողովի քննարկումներում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 28-ին Երևանում ներկա է գտնվել Համաշխարհային հայկական գագաթնաժողովին և հանդես եկել ելույթով:

Ինչպես հաղորդում է Արցախի նախագահի մամուլի գրասենյակը, Հարությունյանն ասել է, որ հայ ժողովրդի առջև ծառացած են այնպիսի լրջագույն խնդիրներ ու մարտահրավերներ, որոնց լուծման ու դիմագրավման համար անհրաժեշտ է ողջ համազգային ներուժի ու ջանքերի համատեղում, միավորում մեկ գաղափարի շուրջ: «Այդ գաղափարը հայոց անկախ պետականության ամրապնդումն ու զորացումն է, ինչի առանցքային գրավականը միշտ եղել է Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը: Դրա փոքր իսկ թուլացումը կարող է բերել աղետալի հետևանքների: Ուստի, խիստ կարևոր է այս եռամիասնությանը վերաբերվել որպես արժեքների ու շահերի անքակտելի ամբողջականության»,- նշել է Հարությունյանը։

Արցախի նախագահը հույս է հայտնել, որ համահայկական գագաթնաժողովի «բոլոր քննարկումներում ու ձեռնարկումներում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությամբ շաղախված ազգային շահերի պաշտպանությունը կլինի հիմնական առանցքն ու նպատակը, և Արցախը որևէ կերպ չի անտեսվի՝ որպես այդ եռամիասնության անբաժանելի հենասյուն»: