Ինձ հետ կատարվածից հետո Բարսելոնայում աշխատելը մանկական խաղ է. Վիլանովա

Տիտո Վիլանովան, ով առաջիկա կիրակի օրը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում իր առաջին հանդիպումը կանցկացնի Իսպանիայի 82-րդ առաջնության մեկնարկային տուրում, հերթական անգամ հայտարարել է, որ չի ցանկանում համեմատվել Պեպ Գվարդիոլայի հետ:

«Ես այստեղ պետք է իմ աշխատանքը կատարեմ, ոչ թե համեմատվեմ «Բարսելոնայի» նախկին մարզիչների հետ: Պեպի հետ յուրաքանչյուր համեմատություն նրա օգտին կլինի: Այդուհանդերձ, նշեմ, որ 99.9 % որոշումներում մենք համակարծիք ենք եղել: Ես երբեք ինձ երկրորդկան դերում չեմ զգացել թիմում, քանի որ մասնակցել եմ այստեղ ծավալված բոլոր իրադարձություններին»,- ասել է Վիլանովան:

Կատալոնացիներ գլխավոր մարզիչը, ով վերջերս թքագեղձի ուռուցքի հեռացման վիրահատություն է տարել նշել է նաև, որ չի վախենում ձեռնոց նետել Մադրիդի «Ռեալին», որ նախորդ մրցաշրջանում տպավորիչ արդյունքով (100 միավոր, 121 գոլ) Իսպանիայի չեմպիոն հռչակվեց:

«Ինձ հետ կատարվածից հետո «Բարսելոնայում» աշխատելը մանկական խաղ է: Ընտանիքիս անդամներն ու բժիշկներն ինձ հավաստիացրին, որ ոչ մի վախենալու բան չկա, որ առողջությանս հետ կապված խնդիրներ չեն ծագի»,- Վիլանովայի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Մեկնաբանել