Էներգետիկ ճգնաժամը պառակտում է Արևմուտքը, Մակրոնը կշտամբում է ԱՄՆ-ին 

TOPSHOT - France's President Emmanuel Macron reviews troops at a military school on October 27, 2022 in Bourges, central France, during a visit focused on French armies and weapons industry. (Photo by Lewis Joly / POOL / AFP) (Photo by LEWIS JOLY/POOL/AFP via Getty Images)

Հոդվածը հրապարակել է World Energy Weekly-ն (հոկտեմբերի 31-ի թողարկում)՝ էներգետիկայի հարցերով մասնագիտացած ֆրանսիական Petrostrategies վերլուծական կենտրոնի հանդեսը: «Էներգետիկ ճգնաժամի հետևանքով առաջացած բաժանումները պառակտում են Արևմուտքը» (Divisions generated by the energy crisis are splitting the West) վերնագրված հոդվածը թարգմանաբար ներկայացված է ստորև։

Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում գազի գների միջև վիթխարի և աննախադեպ անջրպետը, որն առաջացել է Ուկրաինայում պատերազմից հետո, ամենաբարձր մակարդակով իրական քաղաքական «բանավեճի» (Էմանուել Մակրոնի խոսքով) առարկա է դարձել Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև։ Բանավեճ, ըստ երևույթին, մինչ այժմ առանց որևէ դրական արդյունքի, քանի որ դրա մասին ցայսօր խոսվում էր միայն փակ դռների հետևում՝ դաշնակից երկրների ղեկավարների միջև, իսկ այժմ ի ցույց է դրվում հրապարակային, ինչը բոլորովին լավ նշան չէ:

Հոկտեմբերի 21-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նիստից հետո (որը նույնպես մեծապես նվիրված էր էներգետիկ խնդիրներին) Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր ասուլիսի մեծ մասը նվիրեց այս խնդրին։ Թեև նա պնդում էր, որ G7-ի վերջին հանդիպմանը (2022-ի հունիսի 26-28) «չափազանց բարեկամաբար» հարցը քննարկել է ԱՄՆ նախագահի և Նորվեգիայի վարչապետի հետ, լրագրողների հետ նա բավական կոպիտ բառապաշար էր օգտագործում։

«Չնայած մենք արժեքային առումով միավորված ենք ընդդեմ Ռուսաստանի և ի աջակցություն Ուկրաինայի, սակայն մենք միասնական չենք այն հետևանքների առումով, որ այս պատերազմը թողնում է մեր կյանքի վրա»,- հայտարարեց Մակրոնը՝ հավելելով, որ գազի գների անհամաչափության պատճառով առաջացած մրցունակության տարբերությունները «անդրատլանտյան առևտրի անկեղծության» հարց են ծնել։ Մակրոնն ընդգծեց, որ ԱՄՆ արտադրողները շահավետ դիրքում են ոչ միայն գազի շատ ցածր գների պատճառով, այլև որ պետական ​​սուբսիդիաներ են ստանում՝ որոշ ոլորտներում մինչև 80%, մինչդեռ դա արգելված է Եվրոպայում։ Մակրոնը դատապարտեց «երկակի ստանդարտները»՝ տասը րոպեից պակաս ժամանակում երկու անգամ օգտագործելով այդ արտահայտությունը:

Ֆրանսիական Հանրապետության ղեկավարն ավելի հեռուն գնաց՝ պնդելով, որ «պատերազմը դատապարտելը, Ուկրաինային աջակցելը և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը նույնը չեն, երբ դու ամերիկացի ես, գերմանացի կամ ֆրանսիացի»։ Ըստ Մակրոնի՝ ժամանակներում, երբ Եվրոպան փորձում է «վերաարդյունաբերականանալ»՝ նրան սպառնում է էներգակիրների շատ բարձր գներից տուժած արդյունաբերությունների «վերաբնակեցումը»։ Նրա խոսքով՝ ածխաջրածին արտադրողները գազը Եվրոպայում վաճառում են երեք կամ չորս անգամ թանկ, քան Ամերիկայում, և նրանք հսկայական շահույթներ են ստանում ու քաղում պատերազմի հարուցած աշխարհաքաղաքական դիվիդենտները: «Երկու արագության դաշինք չի կարող լինել»,- ասաց նա։

Ըստ Ֆրանսիայի նախագահի և նրա եվրոպացի գործընկերների՝ խնդիրն այն է, որ իրենց ամերիկացի (և նորվեգացի) գործընկերները կարող են ասել, թե իրենք մեղավոր չեն, որ եվրոպական շուկայում (ու նաև, ավելի լայն, Ասիայում) գազի պակաս է առաջացել, ինչը նպաստել է գների աճին։ Ավելին, նրանց չի կարելի մեղադրել Եվրոպայում էլեկտրաէներգիայի թանկացման համար, ինչը պայմանավորված է ինդեքսավորման բանաձևով, որը չափազանց մեծ շեշտադրում է անում գազի վրա և որն այժմ ընդհանուր առմամբ անհեթեթ է համարվում, սակայն փոխարենը որևէ լուծում չի առաջարկվում:

Թեև Եվրոպան կառուցվածքային առումով գազ ներկրող է (և արդեն նրան վիճակված է ավելի ու ավելի շատ կախված լինել ներմուծումից)՝ նա երկու սխալ թույլ տվեց իր էներգետիկ շուկայի ազատականացման ժամանակ (1996-2007 թթ.)։ Նախևառաջ, նա չափից ավելի կարևորություն տվեց գազի գների հանգույցներին, որոնց իրացվելիությունն ամբողջությամբ կախված է մատակարար արտահանողներից։ Երկրորդ, Եվրոպան իր էլեկտրաէներգիայի գները կապեց այս հանգույցների կողմից որոշված ​​գների հետ: Գազ արտադրող և արտահանող երկրների ղեկավարները (լինի ամերիկյան, նորվեգական, թե այլ) եվրոպացիներին կարող են պատասխանել հենց այդպես (և, հավանաբար, պատասխանում են):

Քանի դեռ չի լուծվել էլեկտրաէներգիայի գների սահմանման հարցը, ԵՄ-ն փորձում է զսպել գազի գնաճը՝ մշակելով շուկայի միջամտության բանաձևեր՝ գազային հանգույցների համար կիրառելի «դինամիկ գնային միջանցքի» տեսքով (որի կառուցվածքային թերությունները մնում են անփոփոխ): Բայց միասնական այս ակնհայտ գործողության հետևում, որի արդյունավետությունը դեռ պետք է ապացուցվի (քանի որ, եթե Եվրոպան սահմանափակի գազի գինն իր շուկայում և ստեղծի պակասուրդ, հեղուկացված գազը (LNG) եվրոպական նավահանգիստներից կփախչի Ասիայի նավահանգիստներ, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի գների աճի Եվրոպայում), յուրաքանչյուր երկիր փնտրում է իր լուծումները՝ իր ընկերություններին և տնային տնտեսություններին պաշտպանելու էներգիայի չափազանց բարձր գներից:

Ներեվրոպական հակասություններ

Մակրոնի քննադատությանն արժանացած անդրատլանտյան հակասություններին գումարվում են ներեվրոպական տարաձայնությունները այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են էլեկտրաէներգիայի ոլորտում գազի գնի հնարավոր շեմը (հայտնի է որպես «Իբերիական մեխանիզմ»), գազի և հեղուկ գազի խմբային գնումները և այլն։ Սակայն հնարավոր հետևանքների առումով ամենալուրջը Գերմանիայի և եվրոպական մյուս երկրների միջև վեճն է։ Բեռլինը հայտարարել է իր բիզնեսների և տնային տնտեսությունների համար 200 մլրդ եվրոյի պետական ​​աջակցության ծրագրի մասին՝ ի լրումն արդեն իսկ գործող 65 մլրդ եվրո արժողությամբ սխեմայի: Գերմանիան, այսպիսով, օգտվում է բյուջետային իր հսկայական կարողություններից, ինչը պարտքային մեծ բեռ ունեցող եվրոպական մյուս երկրներին հասու չէ: Ֆրանսիայի կառավարության վերջերս հայտարարած միջոցառումները (որը պարտավորվել է փակել փոքր բիզնեսի լրացուցիչ էներգիայի ծախսերը և այլն) գունատ քայլեր են գերմանական ծրագրի համեմատ:

Եվրոպական մյուս երկրները միաձայն բողոքում են Գերմանիայի դեմ՝ պնդելով, որ նրա ծրագիրը լրջորեն կխաթարի մրցակցությունը արդյունաբերական հատվածում և հատկապես էներգատար բիզնեսներում։ Գերմանացիներն էլ պնդում են, որ իրենց արդյունաբերական արտադրանքը կտրուկ նվազել է էներգիայի թանկացման պատճառով. պարարտանյութերի արտադրությունը նվազել է 70%-ով, քիմիական նյութերինը՝ 8%-ով ու պողպատինը՝ ևս 8%-ով: Ավելին, ավտոմոբիլաշինական ընկերությունների 10%-ը կրճատում է արտադրությունը (ևս 30%-ը պատրաստում է նման կրճատումների), ու կրճատումներ են եղել մետալուրգիայի, ապակու, թղթի, ցեմենտի արտադրության և այլ ոլորտներում։ Սակայն արտադրության՝ տարբեր ծավալներով այս բոլոր կրճատումները տեղի են ունենում նաև եվրոպական այլ երկրներում:

Ֆրանսիական միջին չափի Well-in-Plast ընկերության գործադիր տնօրենը, որը մասնագիտացած է պլաստիկի ոլորտում, վերջերս զգուշացրել է. «Ֆրանսիայում մեզ սպասում է արդյունաբերական ցունամի»: Նրա ընկերությունը մատակարարումներ է անում խոշոր խաղացողների բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ ավտոմոբիլային արդյունաբերության, կենցաղային տեխնիկայի, ծանր բեռնատարների արտադրության, գյուղատնտեսության, արդյունաբերության և անգամ սպորտի ու ժամանցի ոլորտների ընկերությունների: Իսկ Դոհայում (ուր նա այցելել էր հոկտեմբերի 23-ին հեղուկ գազի գնման գործարք կնքելու համար) Shell-ի գլխավոր տնօրեն Բեն վան Բերդենը զգուշացրել է, որ Եվրոպան բախվում է «արդյունաբերական» ռիսկերի, և որ ճգնաժամը «բավական մեծ ճնշումներ է բերելու եվրոպական տնտեսությունների համար ու, հնարավոր է, նաև ճնշումներ Եվրոպայի քաղաքական համակարգի վրա։ Համեմատության համար, ըստ Ամերիկյան քիմիայի խորհրդի (American Chemistry Council)` էժան բնական գազի առատության վրա հիմնված ներդրումները 2022-ի կեսերին ԱՄՆ-ում գերազանցել են 200 մլրդ դոլարը։

Եվրամիության որոշման մասին

Հոկտեմբերի 21-ին Եվրոպական խորհրդի նիստին Եվրամիության անդամ-պետությունների մեծ մասը սատարեց հոկտեմբերի 18-ին Եվրահանձնաժողովի ներկայացրած առաջարկներին: Չնայած երկրների միջև առկա տարաձայնություններին՝ հատկապես գների սահմանաչափերի վերաբերյալ՝ Եվրոպական խորհուրդը Եվրահանձնաժողովին և Էներգետիկայի նախարարների խորհրդին մի շարք հորդորներ հղեց, այդ թվում․

– շտապ ներկայացնել կոնկրետ որոշումներ լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ, այդ թվում՝ գազի կամավոր համատեղ գնումների (բացառությամբ ըստ երկրի կարիքների գազապահուստների 15%-ը լրացնելու պարտադիր պահանջի)՝ օգտագործելով Եվրամիության միասնական շուկայի կշիռը և առավելագույնը քաղելով ԵՄ ընդհանուր էներգետիկ հարթակից;

– մինչև 2023-ի սկիզբը սահմանել նոր լրացուցիչ գնային հենանիշ, որն ավելի ճշգրիտ կարտացոլի գազի շուկայի պայմանները;

– սահմանել բնական գազի գործարքների ժամանակավոր գնային դինամիկ միջանցք՝ անմիջապես սահմանափակելու գազի գների հավելյալ աճի դրսևորումները՝ նախագծված այնպես, որ չվտանգվի մատակարարման անվտանգությունը և չմեծանա գազի սպառումը;

– ստեղծել ԵՄ ժամանակավոր շրջանակ՝ էլեկտրաէներգիայի արտադրության մեջ գազի գինը սահմանելու համար, ներառյալ ծախսերի և օգուտների վերլուծություն;

– բարելավել էներգետիկ շուկաների գործունեությունը՝ շուկայի թափանցիկությունը բարձրացնելու, իրացվելիության սթրեսը մեղմելու, գազի գների անկայունությունը խթանող գործոնները վերացնելու և ֆինանսական կայունությունը պահպանելու նպատակով։

Եվրոպական խորհուրդը Եվրահանձնաժողովին հորդորեց նաև արագացնել էլեկտրաէներգիայի շուկայի կառուցվածքային բարեփոխման աշխատանքները, ներառյալ ազդեցության գնահատումը:

Թարգմանությունը՝ Կարեն Հարությունյանի

Read the article in English: Divisions generated by the energy crisis are splitting the West

Մեկնաբանել