Վարչապետը ժամանել է Սոչի՝ մասնակցելու եռակողմ հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Սոչի քաղաք, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

«Այսօր նախ տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը»,- ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Կրեմլը հայտարարել էր, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։

«Նախատեսվում է քննարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը։ Կքննարկվեն նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր»,- ասված էր ռուսական կողմի հաղորդագրությունում։

Մեկնաբանել