Քո գրպանից՝ շարունակվող պադավատապետությանը

Օրերս հայտնի դարձավ, որ կառավարությունը մտադիր է նոր 200 մեքենա ձեռք բերել՝ պետական մարմինների ավտոտնտեսությունը թարմացնելու նպատակով։

Աջակցել մեզ

Ըստ նախագծի՝ դրանք լինելու են էկոնոմ դասի ներքին այրման շարժիչով մեքենաներ և էլեկտրամոբիլներ։

Ծառայողական մեքենաների, դրանց թվաքանակի արդարացվածության մասին քննարկումներն ու շահարկումները Հայաստանի քաղաքական կյանքում գրեթե մշտապես եղել են։

«Կռուպնի գործ անող տղեքը բոլորիս աչքերի առաջ կառուցել են ահա այսպիսի չնաշխարհիկ պադավատապետություն….»,- դեռևս 2015-ին հայտարարում էր այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Քանի որ ներկայացվել է Պետական բյուջեի 2023-ի նախագիծը, հասկանանք, թե պադավատներից բողոքող, ծառայողական մեքենաները կրճատել խոստացող կառավարությունն ինչ քաղաքականություն ունի այս մասով մյուս տարի։

Եթե այս տարվա՝ 2022-ի դրությամբ, ծառայողական մեքենաների թիվը պետական մարմիններում 933 է, ապա 2023-ին այն կավելանա 6-ով՝ կազմելով 939։ Այս թվի մեջ չեն մտնում Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, պաշտպանության նախարարության մեքենաների թիվը, որը գաղտնի է։

Բյուջեի 2023-ի նախագծով՝ Ազգային ժողովի մեքենաների թիվը կկրճատվի 10-ով (57-ից կդառնա 47), Պետական եկամուտների կոմիտեինը՝ 4-ով (148-ից՝ 144), Արարատի մարզպետարանինը՝ 4-ով (8-ից՝ 4)։

Նախատեսում է ավելացնել արտակարգ իրավիճակների նախարարության մեքենաները՝ 8-ով (20–ից կդառնա 28), ՀՀ դատարաններինը՝ 2-ով (29-ից՝ 31), Բնապահպանության և ընդերքի, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինների մեքենաները՝ 12-ով և այլն։

Փաստացի պադավատների հարցում դրամատիկ, կտրուկ փոփոխություններ խոստացող իշխանություններն այդպես էլ այդ քայլին չեն գնում։

Մենք՝ հարկատուներս, վճարում ենք նաև ծառայողական մեքենաների պահպանման համար, որին ուղղվող գումարը 2023-ին ևս աճելու է: Այսպես, եթե 2022-ին մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգման, պահպանման, ինչպես նաև տրանսպորտային նյութերի համար հատկացվել է 1,8 մլրդ դրամ, ապա 2023-ին նախատեսվում է ուղղել 1,9 մլրդ դրամ։

Մինչդեռ, ինչպես տեղեկանում ենք բյուջեի 2023-ի նախագծից, հաջորդ տարի ավելի քան 15 տոկոսով կրճատվելու է պետական աջակցությունը սահմանամերձ համայնքներին։

Մեկնաբանել