Ինչու հանրային տրանսպորտը պատշաճ չի գործում. Երևանի իշխանության չկատարած խոստումները

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck, #խոստմնացույց

Չնայած 2018-ից հետո Երևանի քաղաքային իշխանության և քաղաքապետերի՝ հանրային տրանսպորի բարեփոխումների մասին խոստումներին, Երևանում լրջագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ հանրային տրանսպորտի վիճակը, որն օրական հազարավոր երևանցիների անհարմարություններ է պատճառում։

Մշտապես ուշացող և մեծապես լեփլեցուն ավտոբուսների խնդիրը չլուծվեց նաև վերջին երկու տարիներին 211 ավտոբուսների և 100 միկրոավտոբուսների շահագործումից հետո։

#CivilNetCheck-ը ի մի է բերել Երևանի քաղաքային իշխանության տրանսպորտային համակարգին վերաբերող խոստումները և առկա վիճակը։

Հոկտեմբերին (չ)կառուցված տրանսպորտի վերահսկման կենտրոնը

Քաղաքի հանրային տրանսպորտի բարեփոխումների գործոններից մեկը տրանսպորտի վերահսկման կենտրոնի ստեղծումն է, որը հնարավորություն կտա վերահսկել քաղաքային տրանսպորտի աշխատանքը։

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը 2022-ի ապրիլի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր [2], թե հոկտեմբեր ամսին հանրային տրանսպորտի վերահսկման կենտրոնը պատրաստ կլինի։

«Մեր բոլոր ավտոբուսները կահավորված են տեսախցիկներով: Կառավարման կենտրոնում կլինեն օպերատորներ, որոնք ժամանակի ցանկացած պահին վերահսկողություն կիրականացնեն: Ծրագիրը թեստավորման փուլում է: Հոկտեմբերին ամբողջական կառավարման կենտրոն կունենանք»,- ասել էր Սարգսյանը։

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոնում 2022-ի հունիսին։ Աղբյուր՝ yerevan.am

Այս տարվա հոկտեմբերին վերահսկման կենտրոնի պատրաստ լինելու մասին քաղաքապետը կրկին հայտարարել էր մոտ երեք ամիս առաջ՝ հունիսի 20-ին «Ազատություն» ռադիոկայանի եթերում։

«Եղած շարժակազմի արդյունավետ կառավարման համար, արդեն նշեցի, հոկտեմբերին կառավարման կենտրոնը կունենանք, բայց մինչ այդ մեկ ամսվա ընթացքում [սեպտեմբերին- խմբ.] արդեն օպերատիվ խումբ կունենանք, որտեղ էլեկտրոնային եղած տրանսպորտային միջոցները կկառավարվեն»,- հայտնել էր քաղաքապետը։

Սակայն առ այսօր ո՛չ օպերատիվ խումբը, ո՛չ էլ կառավարման ամբողջական կենտրոնը դեռ չեն գործում։ Համայնքային ավտոբուսներն ուշանում են, իսկ երեկոյան ուշ ժամերին հաճախ ուղղակիորեն չկան, չնայած պետք է գործեն մինչև կեսգիշեր։

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնում են, որ կենտրոնի շենքը, ըստ ամենայնի, կկառուցվի 6 ամսվա ընթացքում՝ համաձայն շինության նախագծի, որի մրցույթը նախկինում մի քանի անգամ տապալվել է, իսկ նորը դեռ չի հայտարարվել։

Հատված քաղաքապետարանի մամուլի ծառայության պատասխանից

«Հագեր» ավտոբուսների մոտ կեսը չի գործում. պահեստամասերը ուշանում են

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունիսին «Ազատության» եթերում նաև հայտնել էր, թե համայնքի տիրապետության տակ կան «Հագեր» մակնիշի ավտոբուսներ, որոնք չեն գործում, քանի որ անսարքություններ ունեն։ Ըստ քաղաքապետի՝ նախկինում պահեստամասերի ձեռքբերման մրցույթները մի քանի անգամ չեն կայացել։

Միաժամանակ Սարգսյանը վստահեցրել էր, որ պահեստամասերը երկու ամսից կժամանեն, և արդեն սեպտեմբերին կհաջողվի տրանսպորտային խնդիրը բարելավել։

«Երկու ամսվա ընթացքում այդ հարցը, որպես այդպիսին, արդեն լուծված կլինի։ […] Մի երկու ամսից բոլոր պահեստամասերը կլինեն Երևանում։ Կարծում եմ, որ սեպտեմբերին արդեն պատշաճ կկարողանանք տրանսպորտի խնդիրը, հոգսը թեթևացնել»,- հայտնել էր քաղաքապետը։

2012-ին Չինաստանի նվիրաբերած Hager ավտոբուսների շահագործման ժամկետը 5 տարով երկարաձգվելուց հետո կսպառվի 2025-ին

Ըստ քաղաքապետարանից #CivilNetCheck-ին տրամադրած տեղեկությունների՝ ներկայում «Հագեր» մակնիշի 249 ավտոբուսներից տեխնիկապես սարքին են միայն 141-ը (56%-ը)։ Խափանված 108 ավտոբուսներից 8-ը ամբողջությամբ վթարված է, իսկ 20-ի շարժիչը չի գործում։

Հատկանշական է, որ խափանված ավտոբուսների գերակշիռ մասի՝ 80 միավորի չշահագործման պատճառը արգելափակային կոճղակների (тормозная колодка) բացակայությունն է։

«Արգելակային կոճղակների մի մասն արդեն իսկ ներկրվել են Հայաստանի Հանրապետություն, և այդ գործընթացը շարունակվում է: Ներկրված կոճղակներով վերանորոգվել են որոշակի քանակի ավտոբուսներ»,- նշվում է քաղաքապետարանի գրության մեջ։

Երևանի քաղաքային իշխանությունները խոստանում են մինչև 2022 տարեվերջ ներկրել 8,5 մետրանոց 165 ավտոբուս և 30 տրոլեյբուս, իսկ մինչև 2023-ի մարտ-ապրիլ ՝87 հատ 12 մետրանոց ավտոբուս, չնայած դրանք ևս մինչև 2022-ի տարեվերջ պետք է ներկրվեին՝ համաձայն այս տարվա փետրվարին Հրաչյա Սարգսյանի խոստման։

Քանի դեռ նոր ավտոբուսները չեն ժամանել, իսկ տրանսպորտային բարեփոխումները չեն ավարտվել, Երևանում հանրային տրանսպոտի խնդիրը շարունակում է արդիական մնալ։