Պետք է ինչ-որ պահի ղարաբաղյան հակամարտությանը վերջ դրվի․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ բանակցություններից առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանը հույս է հայտնել, որ կհաջողվի առաջ շարժվել ղարաբաղյան կարգավորման հարցում։

«Մենք այսօր պետք է խոսենք բոլոր հարցերի շուրջ, և հույս ունեմ, որ առաջ կշարժվենք։ Ակնկալում, որ մենք այսօր կկարողանանք քայլեր անել կարգավորման ուղղությամբ։ Այս հակամարտությունն արդեն տասնամյակներ է՝ տևում է, ուստի պետք է այն ինչ-որ պահի ավարտել, համաձայն եմ դրա հետ։ Գիտեմ, որ դուք դրա քաղաքական կամքն ունեք։ Եվ մենք ամեն կերպ աջակցում ենք դրան»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ ամենակարևորը տարածաշրջանում խաղաղություն ապահովելն ու զարգացման համար պայմաններ ստեղծելն է, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար․ «Դրա համար են տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, նոր երթուղիների ստեղծումը, տնտեսության, սոցիալական ոլորտի զարգացման հետ կապված բոլոր հարցերը։ Ի վերջո, դա այն է, ինչի համար մենք աշխատում ենք»։

***

Այսօր Սոչիում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ նախատեսվում է քննարկել 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը։ Կքննարկվեն նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր։

ՌԻԱ Նովոստին գրում է, որ հնարավոր է եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվի փաստաթուղթ, որը «հիմք կհանդիսանա ապագա խաղաղության պայմանագրի համար»։

Մեկնաբանել