Սոչիի եռակողմ հանդիպմանը հնարավոր է հայտարարություն ընդունվի․ Փաշինյան

Սոչիում եռակողմ հանդիպման արդյունքներով կարող է հայտարարություն ընդունվել, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև հայտարարեց, որ Հայաստանի համար ընդունելի է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնարար սկզբունքների ռուսական նախագիծը։

Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի համար չափազանց կարևոր է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ Ռուսաստանի հստակ դիրքորոշումը՝ «ադրբեջանական զորքերի հետ քաշման անհրաժեշտության ձևակերպմամբ»։

«Մեզ համար շատ կարևոր է, որ ադրբեջանական զորքերի դուրս գան Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների պատասխանատվության գոտուց։ Հույս ունեմ, որ այս հարցի լուծում կգտնվի այսօրվա հանդիպման արդյունքներով»,- նշեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանի ապաշրջափակման հարցում և պատրաստ է ցանկացած պահի որոշումներ կայացնել՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն․ «Հաղորդակցության ուղիները, որոնք անցնում են Հայաստանի տարածքով, պետք է գտնվեն Հայաստանի վերահսկողության տակ»,- շեշտեց նա։

Վարչապետը բարձրացրեց նաև գերիների ազատ արձակման և վերադարձի հարցը․ «Այս հարցը մենք միասին քննարկել ենք տասնյակ անգամներ, և ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության, հարցը դեռևս չի լուծվել»։

***

Այսօր Սոչիում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։ Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ նախատեսվում է քննարկել 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը։ Կքննարկվեն նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը վերաբերող հարցեր։

Մեկնաբանել