Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները հայտարարություն են ընդունել Սոչիում

Լուսանկարը՝ արխիվային

Սոչիում այսօր կայացած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով ընդունվել է եռակողմ հայտարարությունը։ Երեք երկրների ղեկավարների հայտարարությունը տարածել է ՌԴ նախագահի կայքը։ Այն թարգմանաբար՝ ստորև։

Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թվականի հոկտեմբերի 31-ին հանդիպեցինք Սոչիում և քննարկեցինք 2021 թվականի հունվարի 9-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարությունների իրականացման ընթացքը։

Վերահաստատեցինք մեր հանձնառությունը խստորեն պահպանելու այս բոլոր պայմանավորվածությունները՝ ի շահ ադրբեջանա-հայկական հարաբերությունների համապարփակ կարգավորման, ապահովելու խաղաղություն, կայունություն, անվտանգություն և Հարավային Կովկասի կայուն տնտեսական զարգացում։ Մենք պայմանավորվեցինք լրացուցիչ ջանքեր գործադրել՝ ուղղված մնացած խնդիրների հրատապ լուծմանը, այդ թվում՝ հումանիտար խնդիրների բլոկին։

Նշելով ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրումը իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում՝ ընդգծեցինք տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված նրա ջանքերի արդիականությունը։

Մենք պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի։

Ընդգծեցինք Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Առկա զարգացումների հիման վրա պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել փոխընդունելի լուծումների որոնումը։ Ռուսաստանի Դաշնությունը դրան կցուցաբերի հնարավոր բոլոր աջակցությունը։

Շեշտեցինք Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ Ռուսաստանի աջակցությամբ հասարակության ներկայացուցիչների, փորձագիտական ​​համայնքների և կրոնական առաջնորդների միջև երկխոսությունը շարունակելու, ինչպես նաև միջխորհրդարանական եռակողմ շփումների մեկնարկը՝ ամրապնդելու վստահությունը երկու երկրների ժողովուրդների միջև։

Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ղեկավարները ողջունեցին Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը՝ շարունակելու ամեն կերպ նպաստել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը։

Մեկնաբանել