Օգոստոսի 9-ին Լոս Անջելեսում ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի հանձնախումբ, որը պետք է համակարգի և ղեկավարի ԱՄՆ արևմտյան ափում կազմակերպվելիք հիշատակի միջոցառումները` 2015թ. Ապրիլի 24-ին ընդառաջ, հաղորդում են ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության լրատվական ծառայությունից:
Հանձնախմբի ստեղծմանը նախորդել էին համայնքային խորհրդակցություններ` ԱՄՆ արևմտյան ափի հայկական խոշորագույն կառույցների հետ:
Հանձնախմբի ստեղծումը արտացոլում է այդ կառույցների որոշումը` Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների կազմակերպման ջանքերը կենտրոնացնել միասնական ռազմավարական ծրագրի ներքո:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող ԱՄՆ արևմտյան ափի հանձնախումբը համակարգելու է տարածաշրջանային մարմինների գործունեությունը և սատարելու է նրանց նախաձեռնությունները: Հանձնախումբը նաև սերտորեն գործակցելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող պետական մարմնի և Սփյուռքի համանման կառույցների հետ:
Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակագրող ԱՄՆ արևմտյան ափի հանձնախմբում ընդգրկվել են`
Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմը,
Հայ Առաքելական եկեղեցու Կիլիկիո թեմը,
Հայ Կաթողիկե եկեղեցին,
Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական ընկերակցությունը,
Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը (ԱՄՆ արևմտյան շրջան),
Ռամկավար Ազատական կուսակցությունը,
Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը,
Հայկական Բարեգործական Ընդհանուր միությունը (ԱՄՆ արևմտյան շրջան),
Հայ Օգնության միությունը (ԱՄՆ արևմտյան շրջան),
Հայաստան Համահայկական հիմնադրամը (ԱՄՆ արևմտյան շրջան),
Միացյալ Հայկական հիմնադրամը,
Հայ-ամերիկյան խորհուրդը,
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ԱՄՆ արևմտյան շրջան),
Ամերիկայի Հայ Իրավանց խորհուրդը,
Ամերիկայի Հայկական համագումարը,
Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը: